Աղեստամոքսային ուղու լորձաթաղանթի բորբոքումների, հաստ աղու ջղակծկումների, լյարդի բորբոքումների, լուծի բուժման համար օգտակար է սերկեւիլը մաքրել, միջուկը հեռացնել, աղալ եւ քամել: Նույնանման հյութ պատրաստել նաեւ քաղցր խնձորից: Թողնել մինչեւ հյութերը պարզեն: 2 լիտր սերկեւիլի հյութին ավելացնել 1 լիտր խնձորի հյութ, 1,5 կիլոգրամ մեղր: Եռացնել մարմանդ կրակի վրա՝ քափը քաշել: Որից հետո ավելացնել 0,5 լիտր վարդաջուր, նորից եռացնել՝ քափը քաշել: Վերջինս կրկնել 4 անգամ: Այնուհետեւ սառեցնել եւ ընդունել օրը երեք անգամ 150-ական միլիլիտր չափով:
Սա նաեւ օգտակար է փայծաղի բորբոքման, սրտի աշխատանքի խանգարումների դեպքում:
Ստամոքսի գործունեության խանգարումների, աղեփքումների դեպքում օգտակար է 200 գրամ գազարի հյութին ավելացնել 50 գրամ մեղր եւ 100 գրամ գինու քացախ, լավ խառնել: Ընդունել օրը 3 անգամ, 100-ական գրամի չափով:
Օգտակար է նաեւ ջրգողության, գոտկատեղի ցավերի, սեռական թուլության դեպքում:
Մարսողական ուղիների բորբոքումների, խոցերի բուժման համար օգտակար է կտավատի ձեթը եւ մեղրը խառնել հավասար քանակությամբ եւ ընդունել օրը 3 անգամ, մեկական գդալի չափով:
Լյարդի, լեղուղիների հիվանդության բուժման համար խորհուրդ է տրվում մեղրի եւ հնդկացորենի կամ գարու շիլաների խառնուրդը:
Կարելի է օգտագործել մեղրի խառնուրդը խնձորի, խաղողի, նշի, ընկույզի կամ ձիթապտղի հետ հավասար քանակությամբ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
06.02.2018