Ռուսաստանի Դաշնային խորհրդի սոցիալական քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Լյուդմիլա Կոզլովան «Նացիզմի վերածնունդը Մերձբալթյան երկրներից մինչև Հայաստան» վերտառությամբ հոդված է հրապարակել ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում՝ հերթական անգամ անդրադառնալով Հայաստանում Գարեգին Նժդեհի հերոսացման թեմային:
«Վերջին շրջանում մենք ավելի հաճախ ենք բախվում պատմությունը վերաշարադրելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու փորձերի հետ: Նպատակը հասկանալի է՝ սևացնել Կարմիր բանակի և ԽՍՀՄ ներդրումը հիտլերյան Գերմանիայի դեմ հաղթանակում»,- կարծում է հեղինակը:
Մասնավորապես, նա նշում է, որ «այսօր ստորացման և հետապնդման են ենթարկվում ֆաշիզմի դեմ պայքարի վետերանները, պղծվում են նրանց գերեզմաները և ավերվում են այն հուշարձանները, որոնք իրենց կյանքն են դրել նացիզմի դեմ պայքարում»: «Միաժամանակ տեղի է ունենում նացիզմի հերոսացում, տարածվում է նացիստական խորհրդանիշներ և ազգային հերոսի կոչում է շնորհվում նրանց, ովքեր պայքարել են հակահիտլերյան կոալիցիայի դեմ կամ համագործակցել նացիստների հետ»,- գրում է Կոզլովան:
Նրա կարծիքով՝ մի շարք եվրոպական երկրներում արդեն բռնել են նացիզմի հերոսականացման ուղին: Օրինակ, Իտալիայի կառավարությունը պատրաստվում է վերականգնել ֆաշիզմի թանգարանը Մուսոլինիի հայրենիքում, Մոնտենեգրոյում նախագիծ կա՝ Մամուլա կղզում նախկին համակենտրոնացման ճամբարը վերածելու լողափի՝ իր գիշերային ակումբով, սփայով և ռեստորաններով, իսկ Լեհաստանում պղծում են խորհրդային զինվորների գերեզմաններ, հանում և ապամոնտաժում են խորհրդային զինվորների հիշատակին կանգնեցված հուշարձանները:
Բացի այդ, Կոզլովան կարծում է, որ հաճախակի են դարձել Հայրենական մեծ պատերազմի պատմության աղավաղման դեպքերը Բալթյան երկրներում (Էստոնիա, Լատվիա), ինչպես նաև Ուկրաինայում և Հայաստանում:
«Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը Երևանի կենտրոնում կանգնեցրել է կոլլաբորացիոնիստ Գարեգին Նժդեհի արձանը, որը համագործակցում էր Երրորդ ռեյխի հետ: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով այդ արձանի տեղադրումը, հայտարարել էր. «Հասկանալի չէ՝ ինչու է կանգնեցվել այդ արձանը»»,- գրում է Կոզլովան:
«Ցանկանում եմ ընդգծել, որ նրանք, ովքեր եղել են Նժդեհի արձանի բացման նախաձեռնողները, այժմ պատրաստվում են հուշարձան բացել բուլղարական Պլիսկայում: Այն մարդու հուշարձանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին սկսեց համագործակցել հիտլերյան Գերմանիայի իշխանությունների հետ և ռազմագերի հայերի առաջ բազմիցս հանդես է եկել քարոզչական ելույթներով և կոչ արել նրանց զինված պայքար մղել ԽՍՀՄ-ի դեմ՝ հայտարարելով. «Ով մեռնում է հանուն Գերմանիայի, մեռնում է հանուն Հայաստանի»… Նրա ձեռքերը թաթախված են մեր հազարավոր պապերի ու նախապապերի արյան մեջ»,- եզրակացնում է Կոզլովան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ