Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, ծերության կենսաթոշակառու, 2-րդ խմբի հաշմանդամ, 1930թ. ծնված Սահակ Խաչատրյանը մեղադրվում էր այն բանում, որ նա 2016թ. մայիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում Վերին Ծաղկավան համայնքի ղեկավար (այժմ`նախկին ), 1977թ. ծնված Արթուր Ղազարյանի առողջությանը վնաս պատճառելու նպատակով վերջինիս անձնական օգտագործման «Պռադո» մակնիշի ավտոմեքենայի առջեւի ձախ կողմի դռան բռնակի վրա լցրել է սեւ գույնի փոշու տեսքով մկնդեղանման զանգված, սակայն Ս. Խաչատրյանի կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Ս. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով («Սպանության փորձը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատավարության ընթացքում Ս. Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել, որ ինքը նախկին գյուղապետ Արթուր Ղազարյանի հետ թշնամություն չի ունեցել, ընդհակառակը, նա իր տան առաջ ցայտաղբյուր է տեղադրել, ինքն ամեն օր օգտվում է դրանից եւ շնորհակալ է նրան: Նա հայտնել է, որ ինքը երբեւէ մկնդեղ չի ունեցել եւ որեւէ նպատակով այն չի օգտագործել:
Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել, որ նշված քրեական գործով ապացուցված չէ սպանելու վերաբերյալ Ս. Խաչատրյանի մտադրությունն ու դիտավորությունը, Ս. Խաչատրյանը, տուժող Ա. Ղազարյանն ու վկաները ցուցմունք են տվել, որ երբեւէ Ս. Խաչատրյան ու Ա. Ղազարյանը որևէ խնդիր չեն ունեցել, նրանք գտնվել են ջերմ հարաբերությունների մեջ:
Դատարանը հաշվի է առել, որ գործով տուժողի եւ վկաների ցուցմունքները բոլոր հարցերում իրար հակասում են: Գործի տվյալներով` Ս. Խաչատրյանը դեպքի վայրում եղել է առանց դիմակի եւ ձեռնոցների, մկնդեղը ձեռքով մեքենային քսելու դեպքում նրա ձեռքերին պետք է մնային տվյալ նյութի հետքերը, հավանական է, որ նա կթունավորվեր դրանից,սակայն գործով նման փաստ առկա չէ: Ս. Խաչատրյանի այն հարցին, թե ինչո՞ւ իրեն տեղում չբռնեցին, եթե տեսան, որ մեքենայի բռնակի վրա մկնդեղ է լցնում, ոչ ոք չի պատասխանել: Տուժողի եւ վկաների նախաքննական ցուցմունքներով`իրենք ընդհուպ մոտեցել են մեքենային եւ տեսել, որ Ս. Խաչատրյանը շարունակում է նյութ քսել, որ նա նկատելով իրենց`փախել է իր տուն: Սակայն եթե դա տեսել են, պետք է ինչ-որ բան ձեռնարկեին, եթե ցանկանային բռնել, նա չէր կարող փախչել տուն, քանի որ տուժողն ու վկաները ջահել են, իսկ Ս. Խաչատրյանը ձեռնափայտի օգնությամբ շարժվող ծերունի:
2018թ. հունվարի 31-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Սահակ Խաչատրյանին արդարացնել`արարքում հանցակազմի բացակայության պատճառով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ