«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն այսօր համահայկական ընդվզմանն ընդառաջ քարոզարշավի շրջանակում այցելել են Արարատ, Արտաշատ եւ Մասիս քաղաքներ:
«Եկել ենք իրազեկելու ձեզ, որ եթե մենք շարունակելու ենք հանդուրժել այս իշխանությանը, հետեւանքը լինելու է ոչ միայն արտագաղթն ու մեր չքավոր կյանքը, այլեւ կորցնելու ենք մեր պետականությունը, սա ազգային հարց է: Զոհասեղանին դրված է պետականություն ունենալու կամ չունենալու հարցը»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
Նա նաեւ իրեն լսող քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց առաջիկա ընտրությունների վրա. «Մարտ, ապրիլ ամիսները վճռորոշ են լինելու ողջ հայ ազգի համար»:
Թեեւ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն հերքել էր Ամուլսարի հանքի հետ իր կապը, տիկին Փոստանջյանը հավաքվածներին ասաց, թե Արմեն Սարգսյանը ներգրավված է Ամուլսարի կործանարար ծրագրի մեջ. «Այս մարդիկ գալիս են թալանելու մեր ընդերքը ու թողնել մեզ թունավոր միջավայր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ