Այսօրվա մամուլի ասուլիսում լրագրողները ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեցին, թե ի վերջո, ի՞նչ ճակատագիր է սպասվում Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի դահլիճին:
«Քննարկվում է երկու տարբերակ. եղած շենքը վերանորոգել, կամ նրա անվանը արժանի ըմբշամարտի դպրոց կառուցել: Առաջին տարբերակը ընդամենը վերանորոգում է ենթադրում: Երկրորդ տարբերակն ավելի հետաքրքիր է: Ակտիվ սպորտը վաղ թե ուշ ավարտելուց հետո, չգրված օրենք կա՝ յուրաքանչյուր երկիր իր օլիմպիական չեմպիոնի պատվին միջազգային մրցաշարեր է կազմակերպում:
Ունենալով Արթուր Ալեքսանյանի նման մարզիկ վերանորոգված հին շենքում միջազգային մրցաշար անցկացնել չենք կարող: Դրա համար Գյումրիում պետք է նոր կենտրոն կառուցենք, որը նվազագույնը 400 նստելատեղ, վերականգնողական կենտրոն եւ օժանդակ այլ հարմարություններ պիտի ունենա: Նոր կենտրոնի նախագծային, նախահաշվարկային աշխատանքներն արդեն ավարտվել են», – պատասխանեց նախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ