Այսօր երեկոյան «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն իր ուղերձն ընթերցեց Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց:
«Տգիտությունն ուժ է. Տրագիկոմեդիա: Ցավալի է, բայց իրականություն, հայոց ներկայիս պետականությունում կրկին քաղաքական օրակարգը չի ձեւավորվում լուրջ ազգային քաղաքական հարցերի շուրջ, այլ ընթանում է մի անձի կողմից նախաձեռնված եսակենտրոն շահը սպասարկելու ամեն գնով իշխանության բռնազավթման երկարաձգումն ապահովելու գործընթացի շուրջ»,- սկսեց տիկին Փոստանջյանը:
Նա անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի բիզնեսներին՝ շեշտելով, նրա՝ Մոնումենտում կառուցած դղյակի մասին, հիշեց նաեւ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանին. «Որը Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն է կյանքի կոչում, իսկ մեկ այլ գործարար՝ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ն է գրավադրել»:
Անդրադառնալով ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածուին, Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ նա հանրությանը կներկայացվի որպես գիտնական-դասախոս, որը որեւէ կապ չի ունեցել երկրում տիրող անպատժելիության հետ, չի մասնակցել երկրի թալանին:
Տիկին Փոստանջյանը ներկայացրեց Արմեն Սարգսյանի կենսագրական որոշ տվյալներ, ապա հարցադրում առաջ քաշեց. «Արմեն Սարգսյանն արդյո՞ք համապատասխանում է Սերժ Սարգսյանի չափանիշներին… Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականին, ինչպես կարող էր անցնել ԿԳԲ-ի հավաքագրման ճանապարհը, դեռ հայտնի չէ, հավանաբար, նա Մոսկվայի հատուկ ծրագրով է հավաքագրվել որպես ԿԳԲ-ի աշխատակից, ինչի շնորհիվ խորհրդային միությունից գործուղվել է Միացյալ Թագավորություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ