Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ ցուցանիշ չի կարող գոհացուցիչ համարվել, եթե բանակում շարունակվում են մարդկային կորուստներ». Արթուր Դավթյան

Փետրվար 06,2018 20:00

ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփվել են 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում իրավախախտումների, հանցագործությունների ընդհանուր վիճակը, քննարկվել դրանց նպաստող պայմաններն ու պատճառները, զինված ուժերում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության արդյունքները: Խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների զինվորական դատախազները, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և ռազմական ոստիկանության պատասխանատուները:

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր  դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը զեկուցել է արձանագրված հանցագործությունների դեպքերով կատարված քննությունների պատկերը, անդրադարձել հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանը, մեղադրանքի պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին:

Մասնավորապես նշվել է, որ 2017թ. ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 1207 հանցագործության դեպք, որը փաստացի 11.1%-տոկոսով քիչ է 2016թ. դեպքերից: Դրանցից 768-ը կամ 63,6%-ը եղել են զինվորական ծառայության դեմ ուղղված, 439-ը կամ 36,4%-ը` այլ բնույթի հանցագործություններ:

Արձանագրված 1207 հանցագործության դեպքերից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները եղել են 191-ը կամ 15.8%-ը, որոնցից 111-ը` ծանր, 80-ը` առանձնապես ծանր: Նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործությունները նվազել են 6 դեպքով կամ 5.1%-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 286-ով կամ 78.1%-ով:

Այս տվյալները, սակայն,  համադրելի չեն 2016թ. հետ, քանի որ նախորդ տարվա նմանատիպ դեպքերը մեծամասամբ պայմանավորված են եղել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում հակառակորդի կողմից կատարված հանցագործություններով:

Ինչևէ, 2017թ. արձանագրված 80 առանձնապես ծանր հանցագործության դեպքերից 21-ը եղել է հակառակորդի կողմից կատարված սպանություն, 3-ը` զինծառայողների կողմից կատարված սպանություն, 53-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձ, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձ, 1-ը՝ զենք-զինամթերքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

Ըստ Վահե Հարությունյանի՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ շարունակում են առավել տարածված մնալ զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային հարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները:

ՀՀ զինվորական դատախազը հավելել է, որ նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների պահանջով հնարավորինս վեր են հանվել նշված բնույթի հանցագործություններ ծնող պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները, ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ:

Զինված ուժերում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը  97.8 % է՝ 2016թ.-ի 98.2%-ի դիմաց: Շուրջ 38,1%-ով պակասել են կրկնահանցագործությունների դեպքերը: Այս իրողությունը բացատրվում է զորամասերի հրամանատարության, ՌՈ բաժինների և կայազորների զինդատախազությունների աշխատակիցների կողմից հանցագործություններ կատարած զինծառայողներին հսկողության տակ վերցված լինելու, նրանց հետ բացատրական աշխատանքներ տանելու հանգամանքներով:

Զգալիորեն ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման դեպքերը:  2017թ. արձանագրվել է նմանատիպ 116 դեպք, 59-ով կամ գրեթե 100%-ով ավելի 2016թ. արդյունքներից: 36 քրեական գործ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճը պայմանավորված է կոռուպցիոն դրսևորումների դեմ ամրապնդվող հանրային անհանդուրժողականությամբ, նմանօրինակ դեպքերի բացահայտմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների իրականացմամբ։ Ընդգծվել է ԶՈւ-երում կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները  վերացնելու նպատակով տարբեր ստորաբաժանումներում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու խնդիրը: Անհրաժեշտ է համարվել ապահովել նյութական միջոցների սահմանված կարգերին համապատասխան հաշվառումը՝ զերծ մնալով ձևական փաստաթղթավորման արատավոր դրսևորումներից:

Կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ ՀՀ ԶՈւ-ում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության ընթացքում հիմնական դժվարությունները կապված են եղել տեղի ունեցած դեպքերի փաստական հանգամանքների խորքային և իրական պատճառների վերհանման, պարզաբանման և ապացույցների ձեռքբերման հետ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած ԶՈՒ-երում ծանր և առանձնապես ծանր հանցագործության, դեպքերի նվազմանը, որևէ ցուցանիշ չի կարող գոհացուցիչ համարվել, եթե բանակում շարունակվում են մարդկային կորուստներ, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքեր, ինքնասպանություններ արձանագրվել:

Դրանք նվազագույնի հասցնելը,ինչպես նաև այդ դեպքերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովումը իրավապահ մարմինների աներկբա առաջնահերթությունն է: Այս ուղղությամբ առաջնային խնդիր է նաև  կանխարգելմանն ուղղված համալիր գործողությունների իրականացումը՝ օպերատիվ աշխատանքի ակտիվացումը, զորամասերի հրամանատարներին, որպես հետաքննության մարմիններ, այդ գործընթացներում լիարժեք ներգրավվումը:

ՀՀ գլխավոր դատախազը մտահոգիչ է համարել դատարաններում տևական ժամանակ գործերի քննությունը, որն անթույլատրելի է նախ որովհետև պատժի նպատակների իրագործումը դարձնում է վիճարկելի, բացի դրանից, կարող է հանրության մեջ ձևավորել հանիրավի անվստահություն մեղավորների՝ պատժի անխուսափելիության վերաբերյալ: Արթուր Դավթյանը հանձնարարել է գործադրել դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ դատաքննությունների հնարավորինս արագ ընթացք ապահովելու ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Զինվորական դատախազությանը և քրեական հետապնդման մյուս մարմիններին՝  բանակում հանցավորության դեմ հետևողական պայքարի համար՝ շեշտելով, որ դա զինված ուժերի նկատմամբ հանրային վստահության բարձրացման տեսանկյունից ունի ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ: Պաշտպանության նախարարը չափազանց կարևորել է զինված ուժերում ցանկացած հանցագործության, բայց հատկապես մահվան ելքերով դեպքերի հետաքննության ու նախաքննության որակի ապահովումը, այս ուղղությամբ դատախազական հսկողական լիազորությունների գործադրումը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է քննարկված խնդիրների լուծմանն ուղղված այլ հանձնարարականներ:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել