Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին նամակ է ուղարկել Պոլսի հայոց պատրիարքարան՝ հայտնելով, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չի ճանաչում որպես Հայոց պատրիարքի տեղապահ:
«Ակօս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ նույն նամակով նահանգապետարանը հայտարարել է, որ շարունակում է ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին որպես ընդհանուր պատրիարքական փոխանորդ:
Փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի ստորագրությամբ նամակում նշվում է, որ Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ողջ է, ուստի նոր պատրիարքի ընտրության համար անհարժեշտ պահը չի հասունացել: Նահանգապետարանը պնդել է, որ առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր համարելու պատճառների շարքում չեն:
Նահանգապետարանը հայտարարել է, որ Բեքչյանի պատրիարքի տեղապահ ընտրվելու ամբողջ գործընթացը, ինչպես նաև այդ պաշտոնում նրա ընդունած բոլոր որոշումները անվավեր է համարում:
Հիշեցնենք, որ հայ համայնքի հիմնադրամների ղեկավարները հրավիրվել են նահանգապետարան խորհրդակցական ժողովի, որը տեղի կունենա փետրվարի 7-ին: Իսկ դրան նախորդել էր պատրիարքի ընտրությունները համակարգող Ներկայացուցչական մարմնի դատական հայցն ընդդեմ Թուրքիայի ներքին գործերի նախարարության, քանի որ պատրիարքարանի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումները պատկան մարմիններն անպատասխան էին թողել:
Աղբյուր` Ermenihaber.am