Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը շվեյցարական կապիտալի համար կարող է հետաքրքիր լինել». Կարեն Կարապետյան

Փետրվար 06,2018 18:55

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել երկկողմ կապերը Շվեյցարիայի հետ հնարավոր բոլոր ոլորտներում։ «Ինչպես արդեն առիթ ունեցա ասել Դավոսում, առանձնահատուկ կարևորում եմ քայլերի իրականացումը  Շվեյցարիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Եվ այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Ձեր այցի շրջանակներում երեկ կազմակերպված գործարար համաժողովի կարևորությունը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Դոմինիկ դը Բյումանն ընդգծել է, որ Երևանում անցկացված համաժողովն արդյունավետ է եղել, քննարկել  են հայ-շվեյցարական տնտեսական փոխգործակցության հեռանկարներն ու համատեղ ծրագրերը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, այդ թվում՝ գինեգործության ոլորտում համագործակցության զարգացումը և տեղեկացրել, որ շվեյցարական գինեգործական մեծ ավանդույթներ ունեցող խոշոր ընկերություններից մեկն արդեն իսկ փոխգործակցություն է հաստատել հայաստանյան գործընկերների հետ: «Վստահ եմ, որ կարող ենք գյուղատնտեսության բնագավառում հաստատել լավ կապեր, իրականացնել փորձի փոխանակում, տարբեր բիզնես ծրագրեր, քանի որ Հայաստանում առկա է վստահելի արտադրություն և անհրաժեշտ պայմաններ»,- ասել է Դոմինիկ դը Բյումանը: Վերջինս կարևորել է նաև համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում, մասնավորապես, ՀՀ-ում արտադրվող արևային վահանակների արտահանման ուղղությամբ, ինչպես նաև՝ դեղագործության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի խոսքով, Հայաստանն իր գրավչությամբ կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել շվեյցարացիների մոտ:

Զրուցակիցները Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ու մարդկանց միջև շփումների ակտիվացման նպատակով կարևորել են երկկողմ  ուղիղ ավիաչվերթի գործարկումը:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի համար և հույս հայտնել, որ դրանք կլինեն շարունակական: «Մենք բաց ենք համագործակցության համար և պատրաստակամ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել շվեյցարական ընկերություններին: 2017 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 3,6 անգամ, ուստի պետք է հետևողականորեն շարունակենք մեծացնել ձեռքբերումները երկկողմ տնտեսական կապերում: Վստահ ենք, որ Հայաստանը շվեյցարական կապիտալի համար կարող է հետաքրքիր լինել՝ հաշվի առնելով մեր երկրի առևտրային արտոնյալ ռեժիմները ԵԱՏՄ, ԵՄ -ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728