Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական զինվորական հոսպիտալ:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, որոնց մի մասն ամբողջությամբ հիմնանորոգվել է և հագեցվել ժամանակակից ու եզակի բուժսարքավորումներով:
Վիգեն Սարգսյանին են ներկայացվել հոսպիտալում և հոսպիտալի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում իրականացվող աշխատանքները, մատուցվող բժշկական ծառայությունները, ինչպես նաև նյութատեխնիկական վերազինման արդյունքում հոսպիտալում և հատկապես վերակենդանացման բաժանմունքում առաջնային պարտադիր բուժհետազոտություններ, վիրաբուժական բարդ միջամտություններ կատարելու և առհասարակ բարձրակարգ բուժսպասարկում կազմակերպելու համար ստեղծված նոր հնարավորությունները:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը զրուցել է նաև հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:
ՀՀ պաշտպանության նախարարություն