Լրագրող, հրապարակախոս Մհեր Արշակյանին սպառնալիքներ հղելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2017 թ. հոկտեմբերի 24-ին քրեական գործ է հարուցվել և 2 ամիս անց կասեցվել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Ա. Մնացականյանի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղված պատասխանից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հոկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ medialab.am լրատվական կայքում հրապարակված՝ Մհեր Արշակյանի հեղինակած «Գորիկ Հակոբյան. Հրեշը» վերնագրով նյութի մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հետևյալ բովանդակությամբ սպառնալիք էր հղել նյութի հեղինակին. «Ամեն առավոտ տնեցիքիդ գիրկընդխառը հաջող կանես դուրս գալուց առաջ, չի մարսվելու ես հոդվածդ.. այ ոչ մի ճամփա չանցած ուրիշի տղա»:
Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դրա հիման վրա կայացված որոշումն այդպես էլ չէր ստացել: Եվ հաղորդում ներկայացնելուց 3 ամիս անց գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին՝ որոշումն ստանալու հարցով:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ