Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքին, որը նախաձեռնել է արդարադատության նախարարությունը:
Նա որոշ մտահոգություններ ուներ նախագծի հետ կապված եւ ասաց, որ պետք է պահպանել հոգեորսության արգելքի մասին դրույթը՝ հստակեցնելով, թե ինչ ասել է հոգեորսություն, ինչպիսի ներգործության դեպքում կարող են այդ բացասական երեւույթը դիտարկել՝ որպես մարդու իրավունքների խախտում: Հոգեորսության եզրույթի վերացումը ՀՀ հոգեւոր անվտանգությանը, ըստ նրա, կարող է սպառնալ:
Աշոտյանն ասաց. «Օրենքով պետք է ամրագրել եւ կտրականապես արգելել Հայաստանում տոտալիտար աղանդների եւ դեստրուկտիվ սեկտաների գործունեությունը: Սա նույնպես եվրոպական փորձի վրա հիմնված իրավական դրույթ կարող է լինել»:
Նա ասաց, որ բազում դեպքեր են եղել, երբ երեխաների առողջապահության կամ կրթության իրավունքները հարցականի տակ են դրվել՝ կապված ծնողների՝ այս կամ այն աղանդին պատկանելու հետ: Արմեն Աշոտյանն ասաց, որ երբ ինքը ԿԳ նախարար էր, նման դեպքերի հանդիպել է եւ փորձել է հասցեական աջակցություն ցուցաբերել այդ երեխաներին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կիսում է այս մտահոգությունները՝ հոգեորսության, ռադիկալ աղանդների, երեխաների իրավունքների մասին եւ գտնում է, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դերը, կարեւորությունը պետք է ընդգծվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ