Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձը հայտարարում է՝ ի՞նչ քաղաքական գործիչ է Հայրիկյանը, եթե իր երեխաներն այլազգիներից են ծնվել». փաստաբանը դիմելու է ՄԻԵԴ

Փետրվար 06,2018 17:49

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի տնօրեն Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, թե Պարույր Հայրիկյանի նկատմամբ դատարանի կողմից կա խտրական վերաբերմունք:

«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բաղդասարյանը տեղեկացրեց, թեև կառավարությունն առաջին փուլում փոխհատուցել է Պարույր Հայրիկյանի առողջական ծախսերը, սակայն հանցագործություն կատարած անձը դա չի արել:

Հղում կատարելով օրենսդրությանը՝ փաստաբանը նշեց, որ հանցագործություն կատարած և Պարույր Հայրիկյանին վնաս հասցրած անձը պարտավոր էր փոխհատուցել. «Այստեղ պետության փոխհատուցումը կապ չունի, օրենքը նախատեսում է, որ փոխհատուցում կատարի հանցագործություն կատարած անձը: Սա նաև նախադեպ կստեղծի, որ հանցագործություն կատարող անձը հասկանա՝ ոչ միայն ազատազրկվելու է, այլև իրենից դրամական փոխհատուցում են պահանջելու՝ կպչելու են նրա գրպանին: Բայց, փաստորեն, դատական իշխանության կողմից քմահաճույք է տեղի ունենում՝ փոխհատուցի՞ հանցագործություն կատարած անձը, թե՞ ոչ: Արևմտյան երկրներում միլիոնավոր դոլարների բարոյական վնասի փոխհատուցում կարող էին նման դեպքերում պահանջել»:

Ըստ փաստաբանի՝ խոցվել է նաև Պարույր Հայրիկյանի արժանապատվությունը. «Ոչ մեկ իրավունք չունի կպչելու անձի արժանապատվությանը: Անձնավորությունն ուղղակի հայտարարություն է անում և ասում, թե ինչ քաղաքական գործիչ է Հայրիկյանը, եթե իր երեխաներն այլազգիներից են ծնվել: Դա ըստ էության և′ վիրավորանք, և′ ազգային խտրականություն է: Հաջորդ դրվագով ասում է, թե Հայրիկյանը դիմում գրեց, ներում շնորհեցին, դա էլ զրպարտություն է: Դատարանը պետք է գտներ, որ տեղի է ունեցել զրպարտություն և կպչել են անձի արժանապատվությանը և հայցը բավարարեր»:

Ըստ Լևոն Բաղդասարյանի՝ մեր ներպետական դատարաններում ունենք  գործեր, որոնք պատվիրված են, նախագահող դատավորները կաշկանդված են կառավարության ներբանով, մինչդեռ ՄԻԵԴ-ը տարիներ անց ֆիքսելու է այս փաստը, և ի վնաս ՀՀ-ի դատական ակտ է կայացնելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728