Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Հարգանքս էլ, հնարավորություններս էլ, շրջապատս էլ 12 տարվա մեջ շատացել են»

Փետրվար 06,2018 17:43

«Իշխող ուժը չի բերում, ժողովուրդն է որոշում. հակառակ դեպքում, իշխող ուժը կդնի մի հոգու ու ում ուզի կմտցնի»,- սա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հակադարձումն էր Aravot.am-ի այն դիտարկմանը, որ ռեյտինգային ընտրակարգն իշխող ուժին հնարավորություն է տալիս խորհրդարան բերել նրանց`ում ուզում են:

Հիշեցնենք, ռեյտինգային ընտրակարգը փոխելու նախաձեռնությամբ հանդես գալու մասին հայտարարել էր «Ծառուկյան» դաշինքը: Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը թեեւ հստակ չասաց` կմիանա՞ն «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությանը, թե`ոչ, բայց ասաց, որ այդ ընտրակարգը փոխել պետք է: Իրենք ԸՕ-ում փոփոխություններ կատարելու փաթեթ են մշակում:

Aravot.am-ը հետաքրքրվեց`հնարավոր է այդ հարցը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի տրոհման պատճառ դառնա: Էդուարդ Շարմազանովը նախ ասաց. «Միշտ էլ մեր դաշնակցական գործընկերներն այդ հարցի վերաբերյալ ունեցել են իրենց ուրույն վերաբերմունքը, որը տարբեր է մեր տեսանկյունից: Իրենց իրավունքն է»: Բայց ՀՀԿ-ում շարունակում եմ կարծել, որ ռեյտինգային ընտրակարգը ոչ թե խոչընդոտում, այլ նպաստում է Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն. «Այս վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ռեյտինգային ընտրակարգի դեպքում մենք կարողացանք կազմակերպել լավագույն պառլամենտական ընտրությունները մեր պատմության մեջ: Ռեյտինգային ընտրակարգն ավելի ժողովրդավարական է, քան փակ ցուցակներով ընտրական համակարգը, այդ դեպքում հնարավորություն ենք տալիս, որ կոնկրետ ընտրողն ընտրի, թե ո՞վ է լինելու իր թեկնածուն այդ տարածքից»:

Ուստի, ինքնանպատակ փոփոխությունների կարիք իրենք չեն տեսնում եւ չեն գնա դրան: Նաեւ հավաստիացրեց`կոալիցիայի տրոհում չի լինի: Ասաց`շատ ավելի սկզբունքային հարցերում միակարծիք են:

Մանրամասները`տեսանյութում

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ապրիլի 2-ի ընտրություններին կաշառք էր բաժանվում գործարարների կողմից, իսկ ռեյտինգային կարգով նրանք էին առաջադրվել ու ՀՀԿ-ն շատ ձայներ հավաքեց հենց այդ պատճառով, ԱԺ փոխխոսնակը չհամաձայնեց:

Լրագրողը հետաքրքրվեց`օրինակ ինքը կընտրվե՞ր ռեյտինգային ընտրակարգով: «Իսկ ինչո՞ւ չէի անցնի: Ինձ Լոռու մարզի բնակիչները նախընտրություն կտային: Ալավերդի քաղաքից, որտեղից ես եմ, ՀՀԿ-ն 68 տոկոս ձայն է ստացել: Ես Ալավերդու քաղաքապետ եմ առաջադրվել, երբ որ 28 տարեկան էի, ոչ ոք ինձ չէր պաշտպանում: Ես այն ժամանակ 3300 ձայն եմ հավաքել: Հավատացած եղեք, որ հարգանքս էլ, հնարավորություններս էլ, շրջապատս էլ 12 տարվա մեջ շատացել են»:

Մեկ այլ դիտարկման, որ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարան չանցավ հենց վարկանիշային թեկնածուներ չունենալու պատճառով, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Բա եթե կուսակցությունը թեկնածու չունի, ինչպե՞ս է ուզում գալ պառլամենտ. 2-3 հոգանոց թիմով ո՞նց է հավակնում դառնալ 17 նախարարությունների տեր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728