Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արարատ Զուրաբյանի՝ մեր կառավարության ներկայացուցիչները մոտավորապես մոռացել են, որ իրենք ապրում են 21-րդ դարում

Փետրվար 06,2018 17:28

ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանի կարծիքով՝ խորհրդարանական համակարգի անցումով առանձնապես շատ բան չի փոխվում: «Հոդված 3» մամուլի ակումբում հրավիրված՝ «Իշխանության գերկենտրոնացում. ինչո՞ւ է ՀՀ-ում ստեղծվում «սուպերվարչապետական» համակարգ» թեմայով քննարկմանը պարոն Զուրաբյանը մանրամասնեց. «Մենք մինչև այժմ էլ ապրել ենք իշխանության գերկենտրոնացված համակարգի շրջանակներում: Մեծ հաշվով առանձնապես մեծ փոփոխություն տեղի չի ունենում: Ամեն ինչ փորձելու են անել այնպես, որ իշխանությունն ինչպես գերկենտրոնացված էր, այնպես էլ մնա»:

Դառնալով ՀՀ կառավարության նիստերի՝ դռնփակ անցկացնելու որոշմանը՝ Արարատ Զուրաբյանը նկատեց. «Մեր կառավարության ներկայացուցիչները մոտավորապես մոռացել են, որ իրենք ապրում են 21-րդ դարում, երբ ամեն ինչ գնում է նրան, որ ամեն ինչ լինի բաց ու թափանցիկ: Նիստերը փակ անցկացնելը որևէ մեկի կողմից ողջունելի լինել չի կարող»:

Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ (ՄԶՄԿ)-ի ղեկավար Թևան Պողոսյանի՝ թեև ոչ մեկը չէր կանխատեսում, որ կառավարությունը նման փոփոխություններ կանի, օրինակ՝ նիստերը դռնփակ կդարձնի, սակայն այս իրավիճակում էլ պետք չէ թևաթափ լինել ու լուծումներ փնտրել. «Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ունենք այսպիսի ԱԺ, ինչի պատճառով կառավարությունն ինչ պատրաստի, բերի, ԱԺ-ում անցնում է: Կարիք չկա բանակցությունների մեջ մտնել, և ամեն ինչ որոշվում է մեծամասնությամբ: Պատկերացրեք՝ այլ ԱԺ ունենայինք, այսպես չէր լինի: Եկեք այս երևույթները խորհրդարանական համակարգի հետ չխառնենք: Դրանք տարբեր դաշտեր են»:

Ըստ Թևան Պողոսյանի՝ թափանցիկության պարտավորությունը այս պարագայում մնում է ԱԺ-ի վրա, պետք է ուղիներ փնտրել:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը չհամաձայնեց, որ գերկենտրոնացումը ինչպես նախկինում կար, այդպես էլ մնում է և հիմնավորեց. «Միշտ էլ եղել է ընդգծված լիդերի գիծը, բայց նախկինում գոնե ինստիտուցիոնալ առումով հնարավորություն կար, որ վարչապետն իր թիմը հավաքեր, այդ հնարավորությունն ուներ նաև ԱԺ նախագահը: Իսկ հիմա ինստիտուցիոնալ առումով ամեն ինչ մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի շուրջ է: ԱԺ նախագահը, որ քաղաքական դեմք է, դուրս է բերվում անվտանգության խորհրդից: Այդտեղից դուրս է բերվում նաև նախագահը, մնում է մեկ հոգի, որի շուրջ ողջ գործադիր իշխանությունն է կենտրոնացած: Սա խորհրդարանական համակարգ չէ, խորհրդարանական անունով մեկ մարդու իշխանություն է ձևավորվել. ինչ ուզում եք անունը դրեք»:

Դառնալով ԱԺ-ի վրա թափանցիկության պարտավորություն դնելու մասին դիտարկմանը՝ պարոն Միրզոյանն այն անընդունելի համարեց ու նշեց, թե ԱԺ-ն իր հանձնաժողովների աշխատանքի մասով է թափանցիկություն ապահովում, չի կարող ապահովել կառավարության թափանցիկությունը: Ըստ նրա՝ միայն դռնփակ նիստերի անցկացումը չէ խնդիրը. «Նախարարներին օրենքով արգելվելու է կարծիք հայտնել նիստի ընթացքում քննարկված որևէ հարցի շուրջ: Օրինակ՝ կրթության օրենք են քննարկում, ԿԳ նախարարը դուրս եկավ, լրագրողները հարցնեն՝ ի՞նչ փոփոխություն են նախատեսում, ասելու է՝ չեմ կարող, միայն շեֆը կարող է: Սա Սերժ Սարգսյանի մենիշխանությունն է, շատ ավելի լայն լիազորություններով, քան նախկինում ունեցել են նախագահները»:

Արարատ Միրզոյանը մտահոգություն հայտնեց, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրինագծի ընդունման դեպքում երկրի չորս ուժային կառույցներ՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, պետական պահպանության ծառայությունը, պետական վերահսկողական ծառայությունը լինելու են ՀՀ վարչապետի վերահսկողության ներքո:

Ամփոփելով ասելիքը՝ պարոն Միրզոյանը վստահեցրեց՝ ոչ մի պատրանք պետք չէ ունենալ խորհրդարանական մշակույթի ձևավորման և քաղաքական առումով բարեփոխումների վերաբերյալ:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ չի կարծում, թե կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից դրական ցուցանիշներ լինեն. «Էական փոփոխություն չի եղել, լճացման իրավիճակն է մնացել: Շատ ավելի կոռումպացված երկրներ կան, քան ՀՀ-ն, բայց օրինակ անցյալ տարի 180 երկրներից 113-115 տեղերում էր Հայաստանը. իրավիճակը ՀՀ-ում շատ ավելի վատ էր, քան մի շարք այլ երկրներում»:

Ըստ պարոն Հոկտանյանի՝ տեսականորեն կա միջազգային փորձ, երբ ավտորիտար երկիրը կարող է բավականին հաջող պայքարել կոռուպցիայի դեմ, բայց առաջնորդվել այդ փորձով ՀՀ-ի դեպքում, կասկածում է, որ կստացվի:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին տարեկան 40-45 հազար անձ է արտագաղթում, ուստի հարց է 10-20 տարի հետո այստեղ մարդ կլինի՞, թե՞ ոչ: Ըստ նրա՝ պատրանքներ պետք չէր ունենալ. այն գլխից բոլորի համար էլ հասկանալի էր, թե ինչու են արվում սահմանադրական փոփոխությունները, որ Սերժ Սարգսյանն իր անձնական իշխանությունը պահպանի:

Անդրադառնալով փակ նիստեր անցկացնելու որոշմանը՝ պարոն Բաղդասարյանը կարծիք հայտնեց. «Սերժ Սարգսյանն ընդհանրապես փակ աշխատելաոճի կողմնակից է: Հիմա ամրապնդում է իր պետության միանձնյա ղեկավարի հիմքերը փակ համակարգում: Հիմա փակելու է այն, ինչ հնարավոր է: Չեմ կարծում՝ հնարավորություն է լինելու կառավարության նիստերի գաղտնիությունը փոխհատուցել ԱԺ-ի միջոցով: Պատգամավորները ևս հնարավորություն չեն ունենալու մասնակցել կառավարության նիստերին»:

Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ ինչպես շատերն են ասում՝ ոչ թե վերանում է վարչապետի, այլ նախագահի ինստիտուտը. «Իրականում ոչ թե նախագահի ինստիտուտն է վերացել, այլ նախագահի, ուղղակի անունն են փոխել: Հիմա կա միայն նախագահ, անունը դրած վարչապետ առանց ժամկետային սահմանափակման: Սուպերվարչապետի մոդելն է ավելացվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728