Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն անդրադարձավ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը: Ըստ նրա, վերջին շրջանում ՀՀ կառավարությունը չի զլանում տարբեր անակնկալներով զարմացնել ու զայրացնել հանրությանը: Նա հարց ուղղեց՝ «Էդ ումի՞ց են գաղտնի պահում, ի՞նչ են գաղտնի պահում, ումի՞ց թաքուն են ուզում ինչ որոշել»:
Նա ասաց, որ եթե ԱԺ-ն հրապարակային է գործում, ինչո՞ւ է կառավարությունը ոչ հրապարակային ուզում կյանքի կոչել օրենքները. «Ասում են՝ երբ ընտանիքում ամուսինները վիճում են, որքանո՞վ է ճիշտ, որ այդ վեճին մասնակցի երրորդ անձը: Շատ ներողություն, բայց այդ երբվանի՞ց կառավարությունը, որը զբաղվում է պետությունը կառավարելու գործով, դարձավ ընտանիք: Առավել զավեշտական է նույն աղբյուրի երկրորդ հիմնավորումը, թե իբր դռնբաց կառավարության նիստերը հակաժողովրդավարական են: Ներողություն, հարց է առաջանում, բա ո՞ւր էիք դուք, որ տասը տարի կառավարությունը այդպիսի հակաժողովրդավարական գործելաոճ էր որդեգրել»:
Գեւորգ Պետրոսյանը դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որը կառավարության նիստերը դռնփակ անելու որոշումն արդարացրել էր՝ ասելով, որ Գերմանիայում էլ է դռնփակ. «Հարգելի գործընկեր, չեմ վիճարկում, գուցե այդպես է, բայց մենք ինչու ենք Եվրոպային հիշում այն ժամանակ, երբ մեզ պետք է օրենսդրական նախագծեր անցկացնել, եկեք եվրոպային հիշենք, Գերմանիային հիշենք, որտեղ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն երաշխավորվում է անձի արժանապատվությունը, որն անձեռնմխելի է, 15-րդ հոդվածի համաձայն աշխատանքի իրավունքը երաշխավորվում է, պետությունը ապահովում է համապատասխան աշխատանքով, մի՞թե Գերմանիայում մանկավարժը սոված է, մի՞թե գիտնականը սոված է, մի՞թե Գերմանիայի Ազգային ժողովի բակերում մուրացկաններ են շրջում ու հետապնդում են պատգամավորներին, եկեք այս հարցերում էլ հիշենք Գերմանիային»:
Նա կոչ արեց այդ որոշումից հրաժարվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ