Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2018-ի հունվարի սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ 2018-ի հունվարին 2017-ի հունվարի համեմատ գնաճը կազմել է 2.7%: Ըստ ԱՎԾ-ի, նույն ցուցանիշն է գրանցվել նաեւ այս տարվա հունվարը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ: Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 4%, ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ`3.8% գնաճ: Նույն ժամանակահատվածում՝ այսինքն՝ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ եւ վառելիքի այլ տեսակների գնաճը կազմել է 1.9%, առողջապահության ոլորտում՝ 3% գնաճ:
2018-ի հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ըստ ԱՎԾ-ի, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.7% գնաճ է արձանագրվել: Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային եւ ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 5.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.5%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.2%-ով
2018 թվականի հունվարին 2017-ի դեկտեմբերի համեմատ, ըստ ԱՎԾ-ի, մրգի 10.0% գնաճ է եղել, բանջարեղենի՝ 34.3% գնաճ: Իսկ այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ մրգի 0.9% գնաճ է արձանագրվել: Բանջարեղենի ապրանքախմբում 2018-ի հունվարին 2017-ի հունվարի համեմատ արձանագրվել է 2.1% գնանկում:
Այս տարվա հունվարին 2017-ի հունվարի համեմատ մսամթերքը թանկացել է 13.1%-ով, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 2.0% -ով:
Ըստ ԱՎԾ-ի, ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում 2018-ի հունվարին 2017-ի հունվարի համեմատ արձանագրվել է 25.9% գնաճ, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ`0.6% գնաճ: Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում հունվարը հունվարի համեմատ արձանագրվել է 7.1% գնաճ, իսկ 2017-ի դեկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ (ձվի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 0.3%-ով):
Շաքարն ու շաքարավազը այս տարվա հունվարին 2017-ի հունվարի համեմատ թանկացել է 8.1%, իսկ 2017-ի դեկտեմբերի համեմատ՝ 0.4% գնանկում է եղել:
ԱՎԾ-ն արձանագրել է՝ 2018-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է յուղերի եւ ճարպերի՝ 13.5% գնաճ, իսկ 2017-ի դեկտեմբերի համեմատ՝ 0.4% գնանկում: Վերջինիս, ինչպես նշում է ԱՎԾ-ն, մեծապես նպաստել են կարագի՝ 1.0% եւ մարգարինի 0.8% գնանկումները: Հացաբուլկեղենի և ձավարեղենի գները 2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում նվազել են 0.2%-ով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ