Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեյտինգային ընտրակարգը կռվախնձոր`ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ

Փետրվար 06,2018 16:28

ՀՅԴ-ում քննարկում են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը: Այդ մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Լրագրողները հետաքրքրվել էին`ինչպե՞ս են վերաբերվում «Ծառուկյան» դաշինքի առաջարկին`Ընտրական օրենսգրքից հանել ռեյտինգային ընտրակարգը:

Aravot.am-ի հարցին`երբ տարբեր ձեւաչափերով քննարկվում էր Ընտրական օրենսգիրքը, ՀՀԿ-ականներն «ատամներով պահում էին» ռեյտինգային ընտրակարգը, ինչո՞ւ պետք է հիմա զիջումների գնան, Արմեն Ռուստամյանը պատասխանեց`հիշեցնելով, որ այդ բոլոր քննարկումների ժամանակ ռեյտինգային ընտրակարգի դեմ պայքարի առաջամարտիկը միշտ եղել է ՀՅԴ-ն: «Տուրք տալով նրան, որ պետք է ի վերջո ձեւավորվեր համախոհություն, երբ 4+4+4 ֆորմատով աշխատում էինք, մենք ասացինք, որ հանուն համախոհության համաձայն ենք այս տարբերակին: Բայց ռեյտինգային այս տարբերակը մեզ համար անընդունելի է. հենց առաջին պահից այս մասին ասացինք մեր կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՀԿ-ին: Այսինքն, իրենց համար զարմանալի չէ, որ մենք դեմ ենք այս կարգին»: ՀՅԴ-ի համար հարցը հետեւյալն է` ինչպիսի՞ համակարգի անցում կատարել: ՀՅԴ-ն ունի իր պատկերացումը. «Ռեյտինգը պետք է վերաբերի անձանց, ոչ թե տարածքներին: Մեզ մոտ սկզբում տարածքների ռեյտինգավորում է տեղի ունենում, հետո բաշխվում են մանդատները, ինչը առաջացնում է անարդարություն: Իսկ երբ լինի մեր պատկերացրած ռեյտինգավորումը, ժողովուրդն ինքը կորոշի, թե մանդատները կոնկրետ ում պետք է գնան»:

Aravot.am-ի մյուս հարցին`ՀՀԿ-ին դա ձեռնտու չէ, քանի որ ցանկանում են խորհրդարան բերել այն անձանց, որոնց իրենք կընտրեն, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Իրենք առայժմ այս ռեյտինգային համակարգն ուզում են պահպանել, մենք դեմ ենք: Մենք անցած փորձը մատնանշելով՝ ասում ենք, որ սա դասականից շեղում է»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728