Կառավարությունը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը: Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը (լուսանկարում), ներկայացնելով նախագիծն, ասաց, որ մինչ օրս մեր երկրում միջհամայնքային միավորումները արդյունավետ չեն գործել: Համայնքները կարող են իրենք ձեւավորել միջհամայնքային միավորումներ՝ ավագանու որոշմամբ կամ կարող են ստեղծվել օրենքով՝ պատվիրակված լիազորությունների տիրույթում:
Նախագծով սահմանված են, թե այդ միավորումներն ինչպես պետք է ձեւավորվեն, ինչ կանոնադրությամբ, դուրս գալու դեպքում ինչպես պետք է բաժանվեն մասնաբաժինները եւ այլն: Միջհամայնքային միավորումներ ստեղծելու հիմնական նպատակը, ինչպես նշեց պարոն Տերտերյանը, կենսական նշանակության հարցեր լուծելու, ասենք՝ միջհամայնքային ճանապարհները բարելավելու եւ այլ խնդիրներ լուծելու համար միավորվելն է:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցրեց՝ միջհամայնքային միավորումներ ստեղծելով՝ համոզվա՞ծ եք, որ արտագաղթը կանգնելու է, պայմաններ են ստեղծվելու, աշխատատեղեր: Նա նաեւ հարցրեց՝ քանի՞ միավորումներ եք կանխատեսում, որ կստեղծվեն: Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ որեւէ թիվ չի կարող ասել, պետք է դեռ օրենքը մտնի ուժի մեջ: Մելքումյանն էլ հակադարձեց, որ այդ դեպքում, եթե անգամ մոտավոր քարտեզ չի ներկայացվում, ինքն էլ կարող է պնդել, որ այդ միջհամայնքային միավորումները որեւէ արդյունք չեն տալու, փոշիացնելու են միջոցները: Նա ճշտեց՝ նորից ուզում ենք վերականգնել Խորհրդային Հայաստանի շրջանների պատկե՞րը, եթե նոր միավորումներ ենք ստեղծում, այդտեղ մարզպետարանները որտե՞ղ են լինելու, ի՞նչ կլինի, եթե խոշորացված համայնքներն էլ իրենց հերթին ուզեն միջհամայնքային միավորումներ դառնան:
Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ իրենք չեն սպասում, որ այնքան միջհամայնքային միավորումներ կստեղծվեն, որ կծածկեն ողջ հանրապետության տարածքը: Նա վստահեցրեց, որ դա ոչ թե փոշիացում, այլ պետական միջոցների ծախսման կոնսոլիդացիա կապահովի:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց՝ թվում էր, թե երկու ճանապարհ ունենք՝ խոշորացում կամ միջհամայնքային միավորումներ, բայց խոշորացումը չավարտած՝ եւ-եւ ենք անում:
Պարոն Տերտերյանը պատասխանեց, որ դրանք զուգահեռ գործընթացներ են, մեկը մյուսին չեն խանգարում եւ չեն բացառում:
Աղվան Վարդանյանը նաեւ հարցրեց՝ տարբեր մարզերի համայնքներ կարո՞ղ են իրար հետ միջհամայնքային միավորումներ ստեղծել: Փոխնախարարը պատասխանեց, որ օրենքը դա չի արգելում, կարող են:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանն էլ ասաց, որ համայնքները պետք է զարգացման ծրագրեր ներկայացնեին, բայց քանի որ խոշորացման արդյունքում արտագաղթը մեծացել է, շատ համայնքներում ծերեր են մնացել, համապատասխան ներուժ չունեն ներկայացնելու զարգացման ծրագրեր: Նա հարցրեց՝ կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որ զարգացման իրատեսական ծրագրերը ստանա:
Վաչե Տերտերյանը չհամաձայնեց, որ խոշորացման արդյունքում արտագաղթը մեծացել է: Նա հորդորեց, որ եթե ունի վերլուծություն, հաշվարկ, ներկայացնի: Ինչ վերաբերում է զարգացման ծրագրերին, Տերտերյանն ասաց, որ փոքր համայնքներն իսկապես շատ դեպքերում ունակություններ չունեն ներկայացնելու ծրագիր: Նախարարությունը հիմա ձեռնարկել է ուսուցողական աշխատանքներ, մասնագետներ են ընդունել, որոնք թարմ մտածողություն կբերեն եւ կօգնեն՝ այդ ծրագրերը ներկայացնելու:
Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց, բա որ մարզի բոլոր համայնքները միավորվեն եւ մեկ միավորում լինի, այդտեղ մարզպետի դերը ո՞րն է, ո՞նց պետք է նրանց հարաբերությունները կարգավորվեն՝ միավորման ղեկավարի եւ մարզպետի: Փոխնախարարը պատասխանեց, որ միջհամայնքային միավորները ընդամենը համայնքների միջեւ համագործակցության մի ձեւ են: Նրանք կարող են միասին դպրոցներ շահագործել, աղբահանություն իրականացնել եւ նման խնդիրներ լուծել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ