Forbes ամսագիրը հրապարակել է գործարարությամբ զբաղվելու 2017 թվականի լավագույն երկրների ցանկը: 153 երկրներից Հայաստանն այս ցանկում զբաղեցնում է 88-րդ տեղը՝ Մոլդովայից հետո: Հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաեւ Թուրքիան եւ Ռուսաստանն այս ցանկում Հայաստանից բավականին առաջ են, այսինքն՝ ավելի բարենպաստ երկիր են գործարարությամբ զբաղվելու համար:
Ադրբեջանն այս ցանկում զբաղեցնում է 70-րդ տեղը, իսկ Վրաստանը` 52-րդ, Թուրքիան՝ 56-րդ տեղը, ՌԴ-ն՝ 58-րդ:
Forbes-ը Հայաստանի տնտեսության ներկայիս իրավիճակի մասին գրում է՝ «ՀՀ-ն ունի ընդամենը 2 բաց սահման՝ Իրան եւ Վրաստան, որոնց միջոցով կարողանում է առեւտուր իրականացնել: Մյուս հարեւան երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները փակվել են դեռեւս 1991 եւ 1993 թվականներին՝ Ադրբեջանի հետ մինչ օրս շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում»:
Ըստ էության, Forbes-ը նկատում է, որ պատերազմական իրավիճակը խոցելի է դարձնում Հայաստանին գործարարությամբ զբաղվելու համար: Ֆինանսատնտեսական ամերիկյան այս հեղինակավոր ամսագիրը նշում է՝ Հայաստանի կառավարությունը, թեեւ, վերջին տարիներին որոշակի բարեփոխումներ է իրականացրել հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում, սակայն հակակոռուպցիոն միջոցառումները հիմնականում անարդյունավետ են:
Որպեսզի երկիրը բիզնեսի եւ ներդրումների համար գրավիչ դարձնի, Հայաստանի կառավարությունը ստիպված է լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ իրականացնել, եւ ինչպես Forbes-ն է գրում՝ ամրապնդի օրենքի գերակայությունը՝ տնտեսական աճի բարձրացման եւ տնտեսական մրցունակության եւ զբաղվածության հնարավորությունների համար՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով տնտեսական մեկուսացումը:
«Հայաստանի աշխարհագրական մեկուսացումը, արտահանման նեղ բազան, համատարած մենաշնորհները երկրին զգայուն են դարձրել համաշխարհային շուկայի վատթարացման եւ Ռուսաստանի տնտեսական մարտահրավերների նկատմամբ: Հայաստանը կախված է հիմնականում Ռուսաստանից, քանի որ նրա հիմնական ենթակառուցվածքները ռուսական են եւ կամ կառավարում են ռուսական ընկերությունները, հատկապես էներգետիկ ոլորտում»,-նկատում են վերլուծության հեղինակները:
Նրանք նաեւ նշում են, որ Ռուսաստանից Հայաստան դրամական մասնավոր փոխանցումները հավասար են մեր ՀՆԱ-ի մոտ 7-8%-ի:
Forbes-ն անդրադառնում է նաեւ մեր երկրի պետական պարտքին, նշելով՝ Հայաստանի աճող պետական պարտքն առաջ է բերում հարկաբյուջետային քաղաքականությունը խստացնելու խնդիր:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ