«Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացն անհետեւանք չի անցել»,- խորհրդարանում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Հնգօրյա այցով Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանից հայ լրագրողները հետաքրքրվեցին`ինչպե՞ս է վերաբերվում այն իրողությանը, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը տապալման եզրին է`նկատելով, որ արձանագրությունների վավերացման գործընթացը տապալվում է Թուրքիայի կողմից: Հիշեցնենք, հաշտեցման գործընթացում Շվեյցարիան մեծ դերակատարում ունեցավ:
Շվեյցարիայի խորհրդարանի նախագահն ասաց`աշխարհաքաղաքական իրավիճակը շատ է փոխվել վերջին տարիներին եւ իրենք կարող են միայն զղջալ նման ելքի համար: Ամեն դեպքում, շվեյցարացի պաշտոնյան հույս ունի, այդ փաստաթղթերը կարող են օգնել «հաշտեցման եւ խաղաղության հաստատման գործընթացին», թեեւ չեն ստորագրվում: Ասում է՝ դրան նոր լիցք կարող են հաղորդել Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարաններում կատարված փոփոխությունները:
Արա Բաբլոյանն էլ հավելեց`արձանագրությունների շուրջ տեղի ունեցածը ցույց տվեցին երկու երկրների եւ նրանց ղեկավարների պատրաստակամությունը` հարաբերությունների ձեւավորման մասով եւ ապագայի տեսլականները. «Մի պետություն, որը տեսել է ցեղասպանություն, առաջինը կարող է նախապայմաններ առաջ քաշել, գնում է խաղաղության, գնում է ստորագրման, եւ մյուսը, որ ցույց տվեց իր ռեգրեսիան ժողովրդավարությունից եւ տապալեց այդ համաձայնագրերը: Աշխարհը հստակ գնահատեց այս մոտեցումները»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ