Անվտանգ համացանցի միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել երեխաներին և նրանց թվային «ոտնահետքը» պաշտպանելու համար
Նյու Յորք, 6-ը փետրվարի 2018թ. – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, օրական ավելի քան 175,000 երեխա առաջին անգամ մուտք է գործում համացանց, այն է՝ յուրաքանչյուր կես վայրկյանը մեկ մի երեխա։ Համացանցը այս երեխաներին մեծ հնարավորություններ է ընձեռում, բայց, միևնույն ժամանակ, վտանգում՝ հասանելի դարձնելով այնպիսի չարիքներ, ինչպիսիք են անպարկեշտ նյութերը, սեռական շահագործումն ու բռնությունը, կիբերբուլինգը և անձնական տվյալների ոչ տեղին կիրառումը։
«Ամեն օր հազարավոր երեխաներ առաջին անգամ մուտք են գործում համացանց՝ հանդիպելով նորանոր վտանգների, որոնք մենք մինչ այս ոչ միայն ճիշտ չենք գնահատել, այլև չենք մտածել չեզոքացնելու մասին», – ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտությունների և քաղաքականության բաժնի տնօրեն Լորենս Չենդին (Laurence Chandy): «Թեև կառավարություններն ու մասնավոր հատվածը որոշակի առաջընթաց են գրանցել համացանցի ամենամեծ վտանգների վերացման ուղղությամբ, քաղաքականությունների և մոտեցումների մշակման հարցում ավելի շատ ջանք պետք է գործադրվի՝ երեխաների կյանքը համացանցում ամբողջովին հասկանալու ու պաշտպանելու համար»։
Ինչպես նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «2017թ.-ի երեխաների իրավիճակն աշխարհում. երեխաները թվային դարում» հեղինակային զեկույցում, ողջ աշխարհում համացանցի յուրաքանչյուր երրորդ օգտատերը երեխա է, սակայն շատ քիչ ջանք է գործադրվում երեխաներին թվային աշխարհի վտանգներից պաշտպանելու համար, նրանց առցանց գործունեությունից ստեղծված տեղեկատվական հետքը պաշտպանելու համար և անվտանգ ու որակյալ առցանց բովանդակության հասանելիությունը բարելավելու համար:
Զեկույցում հստակորեն նշված է, որ թվային աշխարհում երեխաներին պաշտպանելու պարտավորությունը բոլորինն է՝ կառավարություններինը, ընտանիքներինը, դպրոցներինն ու այլ հաստատություններինը։ Բայց նաև նշված է, որ մասնավոր հատվածը, հատկապես տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտները, կարևոր և յուրահատուկ պարտավորություն ունեն թվային տեխնոլոգիաների՝ երեխաների վրա թողած ազդեցությունը ձևավորելու հարցում. պարտավորություն, որ մինչ այժմ լուրջ չի ընդունվել։ Մասնավոր հատվածի ուժն ու ազդեցությունը պետք է օգտագործվի, որպեսզի բարելավվեն ոլորտի տվյալների ու գաղտնիության էթիկական նորմերը, և ծավալվի այնպիսի գործունեություն, որ կպաշտպանի առցանց հարթակում գտնվող երեխաների շահերը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը, ՄԱԿ-ի գործակալություններին, ինչպես նաև երեխաների հարցերով զբաղվող այլ միջազգային կազմակերպություններին և հատկապես մասնավոր հատվածին կոչ է անում երեխաներին դնել թվային քաղաքականության կենտրոնում`
1.Համակարգել համաշխարհային, տարածաշրջանային և ազգային արձագանքը։ Մենք պետք է ուժեղացնենք քաղաքականություն մշակողների, իրավապահ մարմինների և ՏՏ ոլորտի միջև համագործակցությունը, որպեսզի տեխնոլոգիական արտադրանքի ստեղծման ընթացքում ներդրվեն անվտանգության նորմեր/սկզբունքներ և միասին աշխատենք, որպեսզի վերջ դնենք թրաֆիքինգին, ինչպես նաև՝ երեխաների շահագործման առցանց այլ միջոցներին։
2.Երաշխավորել երեխաների տվյալների գաղտնիությունը։ Մասնավոր հատվածի ու կառավարության կողմից ավելի մեծ հանձնառություն է անհրաժեշտ երեխաների տվյալների պաշտպանության և տեղին օգտագործման հարցում։ Երեխաների առցանց տվյալները հավաքագրելիս և օգտագործելիս՝ պետք է հաշվի առնել և կիրառել միջազգային նորմերը։ Իսկ երեխաներին պետք է սովորեցնել, թե ինչպես պաշտպանվել այն ամենից, որ վտանգում է իրենց տվյալների գաղտնիությունը։
3.Երեխաներին զինել առցանց հարթակում՝ ապահովելով հասանելի թվային գրագիտությամբ: Նաև կառավարությունների ու ՏՏ ոլորտի մասնագետների ավելի սերտ համագործակցությամբ պետք է ստեղծվեն ՏՀՏ հարթակներ և այնպիսի դասացուցակ, որպեսզի կրտսեր դպրոցից մինչև ավագ դպրոց աշակերտները սովորեն ճիշտ օգտվել առցանց հարթակում տեղադրված նյութերից և չվտանգեն իրենց անձնական տվյալները։ Առցանց գրադարանները պետք է բարելավվեն, իսկ հանրային գրադարանները պետք է վերազինվեն, որպեսզի թվային հմտություններ սովորեցնող դասեր անցկացվեն։ Հարկավոր է ներդրումներ կատարել թվային տեխնոլոգիաների ոլորտում ուսուցիչներին վերապատրաստելու ուղղությամբ: Երեխաներին պետք է սովորեցնել տարբերակել ու զգուշանալ առցանց վտանգներից և ոչ ստույգ տեղեկատվությունից, իսկ թվային քաղաքացիությունն էլ դարձնել թվային գրագիտության կենտրոնական բաղադրիչ:
4.Գնահատել մասնավոր հատվածի յուրահատուկ դերը։ ՏՏ ոլորտում պետք է ներդնել ու պարտադրել տվյալների և գաղտնիության էթիկական նորմեր, որոնք պաշտպանում են առցանց հարթակում գտնվող երեխաների շահերը, այդ թվում՝ այնպիսի էթիկական պրոդուկտի ստեղծում և տարածում խրախուսել, որ կնվազեցնի երեխաներին ուղղված ռիսկերը:
5.Ներդնել այնպիսի լուծումներում, որոնք տեղեկություն կտրամադրեն առցանց հարթակում գտնվող երեխաների, համացանցի առաջարկած հնարավորությունների և հնարավոր վտանգների մասին։ Մեզ ավելի շատ տեղեկություն է հարկավոր առցանց հարթակում գտնվող երեխաների ու նրանց գործունեության մասին, որպեսզի կարողանանք այդ տվյալները կիրառել կարգավորող այնպիսի նորմերում ու քաղաքականություններում, որոնք կճանաչեն երեխաների հատուկ կարիքներն ու իրավունքները։ Թվային աշխարհի մարտահրավերները հաղթահարելու համար պետք է համաշխարհային մակարդակում ուժեղացնել համակարգումն ու տեղեկատվության փոխանակումը։ Պետք է ուժեղացնել համագործակցությունը երեխաների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ և կանոնավոր կերպով համագործակցել օրինապահ մարմինների ու քաղաքականություն մշակողների հետ:
«Վայրկյան է պահանջվում, որպեսզի աշխարհի մի անկյունում որևէ երեխա է սկսի իր թվային կյանքը, որը երեխայի լավագույն շահը հաշվի չառնող շատերի կողմից կարող է թիրախ դառնալ և հնարավորության դեպքում՝ շահագործվել», – ասաց Չանդին։ «Որքան ավելի շատ երեխա է սկսում օգտվել համացանցից, այնքան ավելի հրատապ է դառնում առցանց հարթակում նրանց անվտանգության ու ապահովության հարցը»։
ՅՈՒՆԻՍԵՖ