Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում առաջարկում են ՌԴ-ից բերել շաքարավազը. «Բերեք, թող էժանություն լինի, ինչ-որ բարիերներ կա՞ն»

Փետրվար 06,2018 14:27

ԱԺ-ում այսօր կառավարությունը քննարկման ներկայացրեց 2017-ի մայիսին Կազանում ստորագրված մի համաձայնագիր՝ ԵՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված քննություն անցկացնելու կարգի մասին:

Երկրներն իրավունք չունեն կիրառել հակադեմպինգային միջոցառումներ, ԵՏՄ անդամ երկրների տարածքներում գործող սուբսիդիաները համաձայնագրով կկարգավորվեն:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանին հարցրեց, թե ի՞նչ ընթացակարգով պետք է ձեռնարկատերերը դիմեն, որ սուբսիդիա ստանան: Փոխնախարարը պատասխանեց, որ սուբսիդավորումը տրամադրվում է անդամ պետությունների կողմից. «Այժմ ունենք ԵՏՄ շրջանակներում 13 տեխնիկական պլատֆորմներ, որտեղ քննարկվում են համատեղ արտադրությունների ծրագրեր: Եթե արդեն կա համատեղ մշակված ծրագիր եւ ԵՏՄ համատեղ արտադրանք, կարող են այդ դեպքում տրամադրել համապատասխան սուբսիդիաներ: Պետություններն իրենք են որոշում թե ինչպես պետք է այդ սուբսիդիան տրամադրեն»:

Մելքումյանը ճշտեց՝ սուբսիդավորումը ԵՏՄ-ի ֆոնդի հաշվի՞ն է լինելու, թե՞ ամեն պետության երկրի բյուջեի հաշվին: Փոխնախարարը պատասխանեց, որ պետական բյուջեից հատկացվող սուբսիդիաների մասին է խոսքը, ընդհանուր ձեւավորված ֆոնդ գոյություն չունի:

Ավելի ուշ իր ելույթում Մելքումյանը մի հարց ուղղեց՝ երբ մտնում էինք ԵՏՄ, ներկրումների կենտրոնացված, կամ օլիգոպոլ բնույթը պիտի որ լուծվեր: ՌԴ-ի նման խոշոր պետությունը նույն շաքարավազը պետք է բերեր 20-30 անգամ ավելի, ու եթե ավելի էին բերում, ուրեմն գներն էլ պետք է էժան լիներ, որովհետեւ մեծ խմբաքանակով են առնում. «Բա դրա մի փոքր պարտիան ինչի՞ Հայաստան չեն բերում: Երրորդ երկրից ենք բերում, ո՞նց եղավ, որ էժան ապրանքը չենք բերում: Մի պարտիա էլ թող գա Հայաստան, կարծես պիտի դա ձեռնտու լիներ՝ հաշվի առնելով գինն ու ճանապարհածախսը: Այսինքն, ինչ-որ բարիերներ կա՞ն, որ Ռուսաստան բերված ապրանքի մի փոքր մասը Հայաստան չի գալիս, բերեք, թող էժանություն լինի: Մաքսային սահմանը չկա, ի՞նչ է խնդիրը, որ չի գալիս»:

Փոխնախարար Ազիզյանն էլ պատասխանեց, որ այս տարի արդեն սկսել են նաեւ ՌԴ-ից ներմուծել. 2017-ին շաքարի հումք եւ շաքար ներմուծվել է 80 հազար տոննա, 17 հազար տոննա սպիտակ շաքար ներմուծվել է հենց ՌԴ-ից, նախկին տարիներին չի եղել դա:

Նշենք, որ շաքարավազի շուկայում գերիշխող դիրք ունի ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728