Aravot.am-ը քանդակագործ Դավիթ Մինասյանից հետաքրքրվեց` իսկապե՞ս իր աղմուկ հանած նախագծի ճարտարապետը Լեւոն Իգիթյանն է, ինչպես օրերս կայացած ասուլիսում ասել էր Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:
«Դա սուտ տեղեկատվություն է, իրականությանը չի համապատասխանում, ավելին ասեմ` այս նախագծում ճարտարապետական մտահղացումը իմն է, միայն ես եմ, որեւէ ճարտարապետ որպես հեղինակ չկա, կան ճարտարապետական արվեստանոցներ կամ կազմակերպություններ, որոնց ես դիմելու եմ, որպեսզի հաշվարկներ անեն, գրագետ կոնստրուկտիվ վիճակի բերեն: Ճարտարապետ հեղինակ չկա, Լեւոն Իգիթյանը չէ» ,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Իսկ շրջանառվող այն լուրերին, թե Լեւոն Իգիթյանը հատուկ լոբբինգ է արել, որպեսզի իր նախագիծն առաջ մղվի, քանդակագործը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, հանձնաժողովում ներկա չեմ եղել, չեմ կարող պատասխանել: Կամ ի՞նչ է նշանակում հատուկ լոբբինգ, եթե եղել է նման բան, թող այդ մասին խոսեն այն անդամները, որոնք լոբբինգի են ենթարկվել»:
Դավիթ Մինասյանին նաեւ հարցրինք, թե ինչպե՞ս իր նախագիծը միանգամից հայտնվեց երկրորդ փուլում, երբ առաջին փուլին չի մասնակցել:
«Այո, առաջին մրցույթին չեմ մասնակցել, բայց հայտարարվել է երկրորդ մրցույթ, որին ես մասնակցել եմ: Կարծում եմ, որ եթե աշխատանքը ընտրվել է եւ դրվել է քննարկման, եթե որեւէ չափանիշի չհամապատասխաներ, խնդիր լիներ, այդ հանձնաժողովի անդամները, որ հիմա հայտարարում են, այն ժամանակ պետք է հայտարարեին, թույլ չտային: Ես տեղեկատվություն եմ ստացել, որ երկրորդ մրցույթ է հայտարարվել, մասնակցել եմ, ժողովուրդ ջան, վա՞տ բան եմ արել, որ մասնակցել եմ երկրորդ մրցույթին»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Դավիթ Մինասյանի նախագիծը ծախսատար է, մանավանդ գունավոր քարերը արտասահմանից են բերվելու, քանդակագործը պատասխանեց. «Դա այդպես չէ, թե քարերը բերվում են Մեծ Բրիտանիայից կամ ուրիշ տեղից, ընդամենը մի ստեղծագործական գաղտնիք է, թողեք այդ մի անակնկալն էլ ներկայացնեմ բացմանը…Սա ծախսատար նախագիծ չէ, այն, ինչ ինձ հետ է կապված, ես պատրաստ եմ նույնիսկ առանց հոնորար աշխատել, սա հայրենասիրություն է, մեր երկրի համար է, հավատացնում եմ, որ բոլոր ինձ հետ կապված աշխատողները ընդամենը նյութերի ծախսերը կվերցնեն, այնպես որ, սա սարսափելի մեծ նախագիծ չի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ