Երևանի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ձեռքբերումները, ինչպես նաև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը:
Ներկայացնելով նախորդ տարվա կատարած աշխատանքները՝ Ռուսլան Բաղդասարյանը զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Որպես 2017թ. ձեռքբերում վարչական շրջանի ղեկավարն առանձնացրել է սոցիալական նշանակության բազմաբնակարան բնակելի նոր շենքերի, հյուրանոցային համալիրների, ժամանցի վայրերի կառուցումն ու մարզական երկու նոր կառույցների շահագործման հանձնումը, որոնք նոր ակտիվություն են հաղորդել վարչական շրջանի առօրյային: Զեկուցվել է, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել նաև Արցախի շրջանների, ՀՀ մարզերի ու արտերկրի գործընկեր քաղաքների հետ:
Անդրադառնալով 2018թ. նախատեսված ծրագրերին՝ Ռուսլան Բաղդասարյանը վստահեցրել է, որ վարչական շրջանի աշխատակազմը կշարունակի հետևողական աշխատանք տանել նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ:
«Պարոն քաղաքապետ, 2017թ. մենք բավականին լավ հիմքեր ենք դրել, որպեսզի նույն արդյունավետությամբ ու հետևողականությամբ կյանքի կոչենք նաև այս տարի նախանշված բոլոր ծրագրերը: Քաղաքաշինական ծրագրերի տեսանկյունից 2018թ. ևս ձեռքբերումային է լինելու, քանի որ Երևանը շրջանցող նոր ճանապարհի մի հատվածն անցնելու է հենց մեր վարչական շրջանով: Դավթաշենի կամրջի կառուցումից հետո սա հերթական խոշոր ծրագիրն է մեր վարչական շրջանի համար, որն իր հերթին կնպաստի Դավթաշենի տնտեսական ակտիվությանը», – նշել է Ռուսլան Բաղդասարյանը:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Դավթաշեն վարչական շրջանի կատարած աշխատանքը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է Երևանի զարգացման ծրագրերի իրականացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը:
«Յուրաքանչյուր տարի մեր թիմի կողմից իրականացվող ծրագրերը միտված են իրենց թափով, բովանդակությամբ ու ռիթմով նոր շունչ հաղորդել Երևանի զարգացմանն ու գեղեցկացմանը:
Փաստ է, որ բացի առօրյա կենցաղային հարցերից, մենք պետք է ուշադրություն դարձնենք երկարաժամկետ և զարգացմանը միտված ծրագրերի իրականացմանը: Դրա համար մենք ունենք մեկամյա ու հնգամյա զարգացման ծրագրեր: Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը ունի մեկ նպատակ. ապահովել մայրաքաղաքի վարչական շրջանների համաչափ զարգացումը: Այսօր Դավթաշեն վարչական շրջանում ստեղծվել է բավականին բարենպաստ գործարար միջավայր, ինչը պետք է պահպանել ու զարգացնել՝ խրախուսելով մասնավոր հատվածին ներդրումներ իրականացնել ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլ նաև վարչական բոլոր շրջաններում», – նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով ճանապարհաշինական ծրագրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու թվով 4 վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհն իսկապես կարևոր դերակատարում կունենա մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափման հարցում:
«Մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափումը մեզ համար կարևոր առաջնահերթություն է և, ինչպես գիտեք, այդ ուղղությամբ արդեն մի քանի տարի է, ինչ նպատակային ծրագրեր ենք իրականացնում: Եվ, որ կարևոր է, նոր ճանապարհները կառուցվում են եվրոպական չափորոշիչներին համապատասխան ու աչքի են ընկնում իրենց հարմարավետությամբ և որակական բարձր հատկանիշներով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել բնակիչների հետ ամենօրյա շփումներն ու հետադարձ կապի ապահովումը՝ ընդգծելով, որ հենց այդ համագործակցության շնորհիվ է, որ քաղաքացիների կողմից բարձրացված շատ խնդիրներ այսօր օրակարգային հարցեր են դարձել ու ընդգրկվել են զարգացման ծրագրերում:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն