Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատարանը ՊՆ-ի ներկայացուցչին առաջարկեց ապացույց ներկայացնել ՀՔԱՎ-ի պահանջած տեղեկատվության գաղտնի լինելու մասին. հաջորդ դատական նիստը մարտի 19-ին է

Փետրվար 06,2018 13:45

2018 թ․ փետրվարի 5-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը: Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը:

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ մերժել էր տրամադրել տեղեկատվությունը՝ այն համարելով պետական գաղտնիք: 2017 թ. հուլիսի 20-ին կայացած դատական նիստի ընթացքում ՊՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ ձեռնարկը ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով հասանելի կլինի նաև arlis.am համակարգում, սակայն հետագայում պարզ դարձավ, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ձեռնարկը arlis.am համակարգում չի հրապարակել: 2017թ․ դեկտեմբերի 21-ին դատարանը վճռի հրապարակման օր էր նշանակել, սակայն հայտարարեց դատաքննությունը վերսկսելու մասին:

2018 թ. փետրվարի 5-ին կայացած նիստի ընթացքում դատարանը հետաքրքրվեց, թե ինչ նպատակով է հայցադիմումին կից ներկայացվել նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2014 թ․ հոկտեմբերի 23-ի տեղեկատվության հարցումը և ՀՀ Պաշտպանության նախարարության պատասխանը։ Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը նշեց, որ դա ներկայացվել է որպես ապացույց այն մասին, թե ինչ բովանդակություն ունի ձեռնարկը։ Դրան ի պատասխան՝ պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունների շրջանակներում մշակվել են կառավարության որոշումներ, որոնցով զինվորական ծառայության սահմանափակումների բնութագիրը, թույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկը պետք է հրապարակային բնույթ կրեն և տրամադրեց դրանց մշակված տարբերակները։

Սակայն դրանք ընդգրկում են նոր իրավական ակտերի բովանդակությունը, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ․ հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկը: Տ. Սիրադեղյանը նշեց, որ դրա բովանդակությանը ծանոթ չլինելով, հնարավոր չէ եզրահանգել, որ նախկին հրամանով սահմանված տեղեկատվությունը նույնությամբ նախատեսված է նախագծով և պնդեց ներկայացված հայցը։ Դատարանն առաջարկեց պատասխանողի ներկայացուցչին դատարանին ներկայացնել գաղտնի հրամանի այն հատվածը, որը ապացուցում է հրամանի գաղտնի լինելը։ Միաժամանակ, եթե հնարավոր չլինի այն տրամադրել դատարանին պատճենի տեսքով, հրամանի այդ հատվածը կհետազոտվի դռնփակ դատական նիստում։ Հաջորդ նիստը կկայանա 2018 թ․ մարտի 19-ին՝ ժամը 14։30-ին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728