Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանի և Հայաստանի առաջին դեմքերի ընտրությունները կլինեն գրեթե միաժամանակ. «Կոմերսանտ»

Փետրվար 06,2018 13:13

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Դրա համաձայն՝ հոկտեմբերի 17-ի փոխարեն ընտրությունները կանցկացվեն ապրիլի 11-ին՝ գործնականում համընկնելով հարևան Հայաստանում վարչապետի թեկնածության հաստատման հետ, ռուսական «Կոմերսանտ» թերթում գրում է վերլուծաբան Կիրիլ Կրիվոշեևը: Նախընտրական արշավի միանշանակ ֆավորիտը պարոն Ալիևն է, որը երկիրը ղեկավարում է 2003թ.-ից:

Բաքվում «Կոմերսանտի» զրուցակիցները ընտրությունները օրը տեղափոխելու որոշումը բացատրում են ներքին, ոչ թե արտաքին գործոններով: Միաժամանակ, առանցքային ինտրիգն այն է, թե ինչպես Բաքվում և Երևանում միաժամանակյա քաղաքական ակտիվությունը կանդրադառնա տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վրա:

2016թ. սահմանադրական հանրաքվեի արդյունքում զգալիորեն ընդլայնվեցին Իլհամ Ալիևի նախագահական լիազորությունները, այդ թվում նրան իրավունք տրվեց նշանակել արտահերթ ընտրություններ: Երկուշաբթի նա օգտվեց այդ իրավունքից՝ ստորագրելով հրաման, որի համաձայն քվեարկությունը տեղափոխվում է ապրիլի 11-ին: Համաձայն այդ ժամանակ սահմանված մեկ այլ փոփոխության՝ այդ օրն ընտրված նախագահը կղեկավարի ոչ թե 5, այլ 7 տարի:

Այն, որ հենց Իլհամ Ալիևը կհաղթի ընտրություններում, գրեթե կասկած չկա: Նրա թեկնածության առաջադրման մասին հայտնի դարձավ արտահերթ ընտրությունների մասին հրամանի ստորագրումից ժամեր անց. այդպիսի որոշում կայացրեց Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիայի համագումարը: «Դուք միշտ սատարել եք Իլհամ Ալիևին, և այս անգամ դուք կասեք ձեր խոսքը»,- համագումարի անդամներին է դիմել նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը: Վերջինս ընտրությունների օրվա տեղափոխումը բացատրել է նրանով, որ «ընթացիկ տարվա մայիսից երկրում անցկացվելու են տեղական և միջազգային նշանակության բազմաթիվ կարևոր միջոցառումներ», որոնց մի մասը «ժամանակային առումով համընկնում են ընտրությունների հետ»: Մայիսին նշվելու է հանրապետության 100-ամյակը (Ադրբեջանի անկախության մասին ակտը ստորագրվել է 1918թ. մայիսի 28-ին), իսկ հոկտեմբերին տեղի կունենա Բաքվի միջազգային հումանիտար ֆորումը, որն անցկացվում է 2011թ.-ից:

Պաշտոնյան նաև հավելել է. «Ադրբեջանում գոյություն ունեցող փորձի համաձայն՝ բոլոր ընտրություններն անցկացվում են աշնանը: Հաշվի առնելով համաշխարհային փորձը՝ առավել նպատակահարմար է ընտրություններն անցկացնել տարվա տարբեր ժամանակահատվածներում: Բացի այդ, Ադրբեջանի Հանրապետության նախագահի ընտրությունը 7 տարի ժամկետով ապահովում է նախագահական լիազորությունների իրականացումը ֆինանսական տարվա սկզբից»:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Արազ Ալիզադեն «Կոմերսանտի» հետ զրույցում այլ կերպ է մեկնաբանել ընտրությունները գարնանն անցկացնելու նպատակահարմարությունը: «Այդ որոշումը միանգամայն արդարացի է,- ասել է Ալիզադեն:- Եթե ընտրություններն անցկացվում են աշնանը, ապա ընտրարշավի թեժ շրջանը բաժին է ընկնում ամռանը: Այդ ընթացքում տեղի են ունենում ցույցեր, ավտոբուսներով մարդկանց են բերում: Այսինքն` մարդիկ զբաղվում են քաղաքականությամբ, ոչ թե գյուղատնտեսությամբ, այսինքն` դրանից բերքահավաքը տուժում է»: Բացի այդ, պատգամավորի կարծիքով, ընտրարշավի համար շատ ժամանակ չի պահանջվի. «բոլոր թեկնածուները վաղուց հայտնի են ադրբեջանցի ընտրողին, իսկ նորերը չեն երևում»:

Ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» շարժման քարտուղար Նաթիգ Ջաֆարլին իր հերթին «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, որ ընտրությունների օրվա տեղափոխությունը փորձ է՝ խուսափելու եվրոպացի դիտորդների քննադատությունից: «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը սովորաբար երկիր է ուղարկում երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն: Դրա կազմը համաձայնեցվում է երկրի կառավարության հետ: Այդպիսով, երկարաժամկետ, և ինչու ոչ՝ կարճաժամկետ առաքելություն ուղարկել ամենայն հավանականությամբ, չեն հասցնի»,- ասում է փորձագետը:

Ջաֆարլիի խոսքով եվրոպական ինստիտուտների ուշադրությունը ապրիլին սևեռված կլինի «Ռուսաստանի վրա», որտեղ մարտի 18-ին նախանշված են նախագահական ընտրություններ, նշանակում է՝ Բաքուն ավելի քիչ ուշադրության կարժանանա: Բացի այդ, նրա խոսքով, դա կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ. «Նավթի գների պատճառով տնտեսության երկու տարվա լճացումից հետո Ադրբեջանի տնտեսությունը վերականգնվել է, բյուջեն ավելացել է, իսկ մանաթը արդեն 7 ամիս է՝ պահպանում է կայուն փոխարժեքը: Բայց արդյոք այդ իրավիճակը կպահպանվի մինչև դեկտեմբեր՝ հայտնի չէ»:

Ադրբեջանի ընտրությունները կանցկացվեն հարևան Հայաստանում վարչապետի թեկնածության հաստատումից մեկ շաբաթ առաջ: Հայաստանում սահմանադրական նոր փոփոխությունների համաձայն՝ հենց վարչապետը, ոչ թե նախագահը, իր ձեռքում կկենտրոնացնի հիմնական իշխանական լիազորությունները: Դեռ դրանից մեկ ամիս առաջ՝ մարտի 1-10-ը Հայաստանում կընտրեն նախագահ: Հանրային ընտրարշավ չի լինի, չի լինի նաև համաժողովրդական քվեարկություն. ով կզբաղեցնի այդ երկու պաշտոնները՝ կորոշի խորհրդարանը:

«Կոմերսանտի» հետ զրույցում հայ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշել է, որ երկու երկրներում տարվա առաջին կեսին ընտրությունների անցկացումը կողմերին կարող է հնարավորություն տալ «ինչ-որ միջանկյալ լուծում տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որն առավել մեծ լեգիտիմություն է պահանջում»:

Մինչդեռ Հայաստանի բարձրաստիճան շրջանակներում թերթի զրուցակիցն այդ հարցում այնքան էլ լավատեսական չէ տրամադրված և առավել հակված է սպասել, որ Ադրբեջանը կսրի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ:

Այնուամենայնիվ, «Կոմերսանտի» բոլոր զրուցակիցները միաձայն պնդում են, որ ընտրությունների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ որևէ կապ չունի:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728