Լրահոս
Օրվա լրահոսը

39 հազար դրամի փոխարեն միկրոավտոբուսը կվճարի 29.900 դրամ. Ուղեւորափոխադրողների հարկերն իջնում են

Փետրվար 06,2018 13:01

Հարկային օրենսգրքում փոփոխություններ են առաջարկում կատարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

ՏԻՄ-երը համայնքային գույքն արդյունավետ գործածելու նպատակով կարող են գույքը տալ վարձակալության, որը ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Խոսրով Հարությունյանը, ԱԺ նիստում զեկուցելով նախագիծն, ասաց, որ պետք է նկատի ունենալ, որ համայնքային սեփականությունը արդյունավետ օգտագործելու նպատակ է այդ քայլը հետապնդում, ոչ թե բիզնես նպատակ, ուստի պետք է այդ գործողությունները չդիտել որպես ԱԱՀ-ով հարկման ենթակա գործողության տեսակ, եթե այդ ամենի արդյունքում գումարները մուտքագրվում են պետբյուջե:

Առաջարկվում է նաեւ, որ ուղեւորափոխադրումների մասով վերանայվի արտոնագրային հարկի բեռը` այն պահպանելով նախկին մակարդակում: Միաժամանակ, ուղեւորափոխադրումներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն կտրվի իրենց կամքով համարվել ԱԱՀ վճարող:

Ուշագրավ է, որ հանձնաժողովի նիստում այս նախագծի քննարկման ժամանակ մասնակցում էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը որեւէ հարց, տեսակետ չարտահայտեց: Իսկ այսօր նա մի շարք հարցադրումներ ուներ. «Արտոնագրային դրույքաչափը ասացիք 2000-ից դարձել է 1800 դրամ: Մինչ այդ մենք ունեինք հաստատագրված 1000 դրամ, ինչպե՞ս է ստացվում, որ հազար դրամն ավելի շատ է, քան 1800-ը»: Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ հաստատագրված հարկի բանաձեւը տարբերվում է: Ավտոբուս, նստատեղերի քանակ կար եւ 2000-ապատիկ, հետո կար գործակիցները: Հիմա մենք առաջարկում ենք այդ 2000-ապատիկ դրույքաչափը սահմանել 1800: Միկրոավտոբուսների համար սահմանել ոչ թե 2600, այլ սահմանել 2300»:

Բագրատյանը հարցրեց, նախկինում ՊԱԶ ավտոբուսը, որն ուներ 28 նստելատեղ, վճարում էին 28 հազար դրամ, արտոնագրային հարկի դեպքում դարձել էր 56 հազար դրամ, կրկնապատկվել էր, հիմա ձեր առաջարկության դեպքում 28 ուղեւորատեղ ունեցող տրանսպորտային միջոցի վճարը ինչքա՞ն է դառնում:

Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ հիմա իր ձեռքի տակ է Երեւանի քաղաքապետարանի տրամադրած աղյուսակը, ըստ որի, 2017-ին գործող հարկերով ու դրույքաչափերով Երեւանում միկրոավտոբուսի դրույքաչափը 2000 է, ունի 13 նստատեղ, ամսական վճարն է 33.800: 22 նստատեղ ունեցող ավտոբուսի դրույքաչափը 2000 էր, գործակիցը 1 էր եւ 1 ավտոբուսը ամսական վճարում էր 44 հազար դրամ: Սա հետո բազմապատկվում է ըստ տարածքների գործակցի, եթե մարզերում է:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ եթե հիմա Հարկային օրենսգրքում փոփոխություն չանեին, 13 նստատեղ ունեցող ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը պետք է վճարեր արդեն 39 հազար դրամ, մինչդեռ իրենց առաջարկով վճարելու է 29.900 դրամ. «Հարկային բեռը իջնում է 9100 դրամով»:

Այս փոփոխությունները ՀՀԿ-ն առաջարկում է անել՝ հաշվի առնելով, որ սեղմված գազի, դիզվառելիքի գները բարձրացել են, Ակցիզային հարկը բարձրացել է:

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց՝ ասենք թե ուղեւորափոխադրողների համար մեղմում եք թանկացումը, իսկ ի՞նչ անեն մնացած վարորդները, որոնքն եւս օգտվում են սեղմված գազից, բայց այս օրենքով չեն կարգավորվում: Նա ասաց, որ սրանք մանր խնդիրներ են, քարը գցել են փոսը եւ հիմա խելոքներով փորձում են լուծել խնդիրները:

Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ այդ բարձր դրույքաչափերով ուղեւորափոխադրողները աշխատել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728