Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի զոհի մայր. «Իմ տղու հեռախոսը հենց նախաքննական մարմնում գողացան, որտեղ պատկերված է կրակող ոստիկանի գլուխը». «Հայկական ժամանակ»

Փետրվար 06,2018 11:43

Մարտի 1-ի զոհերի հարազատները այլեւս իրենց որդիների սպանության բացահայտման որեւէ հույս չունեն, ապրում են սոցիալական ծանր պայմաններում՝ պետության կողմից անտեսված։

Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանը (լուսանկարում) ծնունդով Վանաձորից էր, 2003-ից բնակվել է Երեւանում, մասնագիտությամբ եղել է ոսկերիչ։ Պետրոսյանը սպանվել է 33 տարեկան հասակում, 2008-ի մարտի 1-ին, ժամը 21-ի սահմաններում, Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի առաջին մուտքի մոտ։ Նա սպանվել է թիկունքից ստացած հրազենային կրակոցից։ Դավիթ Պետրոսյանին Մաշտոց պողոտայի շուկայի մոտից թիվ 2 կլինիկական հիվանդանոց էր տեղափոխել սպիտակ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա, սակայն հետագայում գործի նյութերում ոչ այդ մեքենան հայտնվեց, ոչ էլ վարորդը։ Պետրոսյանի մարմնից հանվել է հրազենի 9 մմ տրամաչափի գնդակ։

Նրա հայրը՝ Ալֆրեդ Պետրոսյանը մահացել է 8 տարի առաջ, այսինքն՝ որդու մահից երկու տարի անց։ Իսկ մայրը՝ Ջեմմա Վարդումյանն ապրում է թոշակի «հույսով», ինչպես ինքն է ասում, դրանով միայն կարողանալով հարստացնել դեղատներին։ Տիկին Ջեմման հաշմանդամության 2-րդ կարգ ունի։ ««Հույս, հավատ, կայֆավատ». աղքատ ժողովրդին միայն դրանով են կերակրում, հույս են տալիս, եկեղեցին էլ ասում է՝ հավատա Աստծուն, իրենք էլ գնում են կայֆավատ լինում»,- այսպես ներկայացրեց երկրում տիրող իրավիճակը Դավիթ Պետրոսյանի մայրը։

– Տիկին Ջեմմա, Մարտի 1-ի գործով նախաքննության ընթացքն ինչպե՞ս եք գնահատում։

– Ոչ մի Մարտի 1 էլ չի եղել, թագավորն ապրած կենա, սուտ է, եթե եղել է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թագավորության կեսն իմն է։ Մարտի 1-ի գնացքը գնացել է. Լեւոն Զուրաբյանը Մարտի 1-ը դարձրել է բրենդ, տարին մի անգամ ծաղիկը վերցնում, գնում Մյասնիկյանի ոտների տակ Մարտի 1 է նշում, հո Մյասնիկյանի տղուն չէին սպանել, հիմա էլ Տարոն Մարգարյանը սիրուն բան չի արել, բայց պաստառապատել է։ Ինչո՞ւ Լեւոն Տեր- Պետրոսյանը իր մեջ ուժ չգտավ իր կատարած սեւ գործի համար Հանրապետականների հետ կլոր սեղանի շուրջ բանակցելու…։

Ոչ մի նախաքննություն չի եղել, ոչ փաստաբան է զանգում, մի բան ասում, թե գործը որտեղ է, ուր է հասել։ Վերջապես սա պատմության մեջ այն սեւ օրն է, որ չի մոռացվում։ Հիմա ի՞նչ են արել։ Մարտի 1-ի գործը վերջացա՞ծ է, որ Ալեքսանդր Արզումանյանը գնաց Դանիայի դեսպան, կամ էդքան պատգամավոր, որ նստած են, ի՞նչ են անում անձամբ ինձ համար, Մարտի 1-ի համար։ Ինչո՞ւ սփյուոքահայերը չարձագանքեցին Մարտի 1-ի առումով, իրենք հայրենիքը հեռվից սիրեն, ես էլ այստեղ տառապեմ նստած, ինչո՞ւ չարձագանքեցին։

– Տեղյա՞կ եք՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ կա՞ն, քննչական խմբի ղեկավարն այդ հարցը նախաքննական գաղտնիք է համարում։

– Այդպիսի բան չկա, իմ տղու հեռախոսը հենց նախաքննական մարմնում գողացան, որտեղ պատկերված է կրակող ոստիկանի գլուխը, մինչեւ հիմա մեքենայի վարորդին են ման գալիս։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728