Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո (գուցե զուգադիպություն էր), ՀՅԴ-ն որոշեց, որ ԱԺ-ում նախագահի առաջին փուլով ընտրությունը չպետք է թողնել ԲՀԿ-ի հայեցողությանը, եթե ԲՀԿ-ն կարող է առևտուր անել, ինքն էլ կարող է, բայց` քաղաքակիրթ ու քաղաքական (փորձն իրենն անում է): Փետրվարի 1-ին ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի 3-րդ նիստի օրակարգում քաղաքական կոալիցիայի մեկամյա գործունեությունն էր՝ ձեռքբերումների, բացերի ու թերությունների գնահատումը, առաջիկա անելիքների ու մարտահրավերների արձանագրումը, հաղթահարելու պատասխանատու աշխատանքի կարևորումը (ձևակերպումները ՀՅԴ-ական են): Դատելով հավարտ արված հայտարարությունից` Հայաստանում գաղտնի ընդդիմություն է եղել (իրենք էլ չեն իմացել): Ձևակերպումների զրնգուն պաթետիկան (օրինակ` «Անցումը խորհրդարանական կառավարման նոր սկզբի, երկրի առաջընթաց զարգացման խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն է՝ առանց զիջելու մեր ազգային-պետական ռազմավարական շահերը») և ինքնամեծարումը (օրինակ` «Կոալիցիոն կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, առաջնորդվում է ՀՅԴ-ի պաշտպանած՝ «զարգանալ՝ չզիջելով» դժվարին, բայց արժանապատիվ սկզբունքով»), քաղաքական պատեհապաշտությունը (օրինակ` «ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կնքմամբ ստեղծված է խորհրդարանական համակարգի առաջադեմ փորձը տեղայնացնելու անհրաժեշտ միջավայր»), երազապաշտությունը (օրինակ` «Արդարադատություն երաշխավորող դատական անկախ համակարգի ձևավորման գործընթաց է սկսվել») մի կողմ թողած` ՀՅԴ-ն իր պահանջներն է ներկայացնում ՀՀԿ-ին` դժգոհ ապագա կառավարման համակարգում մասնաբաժնից: Ներկայացնում է ինքն իրեն նաև հակասելով` և ընդունում է, որ «Վերջին տարիների համեմատ արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ, կտրուկ ավելացել է արտահանման ծավալը, էականորեն բարելավվել է հարկային և մաքսային վարչարարությունը, գերակատարվել է 2017-ի բյուջեն, ընթացքի մեջ են մի շարք ներդրումային ծրագրեր, մարզերում տնտեսական աշխուժության նշաններ կան», և պահանջում է ազատվել նախորդ համակարգի ձևավորած կարծրատիպերից, հաստատել նոր համակարգից բխող ներիշխանական հարաբերություններ:
Ո՞ր երկրում է գործել ՀՅԴ-ն այս տարիներին և ու՞մ վրա է գցում «նախորդ համակարգի ձևավորած կարծրատիպերի» մեղքը: Չի՞ ստացվում, որ չստացվածի մեղավորը ՀՀԿ-ն է, ստացվածի համար (ՀՅԴ-ն ինքն իրեն բազում «հաղթանակներ» է վերագրում, այդ թվում` անցումը խորհրդարանական կառավարման) երախտապարտ պիտի լինենք «ընկերներին»: Եթե երախտապարտ ենք, պիտի կատարենք նոր պահանջները, այն է` շահերի բախումը բացառել, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատել, բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի կադրեր ընտրել` արդար ու թափանցիկ, կառավարության կառուցվածքն օպտիմալացնել, Ընտրական օրենսգրքում վերանայել տարածքային ռեյտինգային ընտրակարգը, հստակեցնել սոցիալական-շուկայական տնտեսության մոդելը՝ նպատակ ունենալով մեղմել սոցիալական բևեռացումը, խթանել աշխատատեղերի ստեղծումը, ձևավորել բազմակենտրոն տնտեսական զարգացման օջախներ, հասնել աղքատության 12 % նվազման, նվազագույն աշխատավարձի 25 % աճի, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, սոցիալապես անապահով ընտանիքների ինքնուրույն կայուն եկամտի ձևավորման, պարենային ինքնաբավության 75 % ապահովման: Նաև` թույլ չտալ, որ ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցողները հակամրցակցային համաձայնություններով միասնական գնային քաղաքականություն թելադրեն, վերանայել սոցիալական քաղաքականությունը՝ նպատակ ունենալով քաղաքացիների կենսապահովման նվազագույն պայմանների ապահովումը և գնաճի ազդեցության մեղմումը: Դուք իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության ձայնը լսեցիք: Միանշանակ` իշխանության, որ ուզում է մեծացնել իր շրջանակները: ՀՅԴ-ի հայտարարությունը ոչնչով չի տարբերվում երախտամոռի բարի մտադրությունների շարանից, որ մոռացվելու է մեկական (ավելին ՀՀԿ-ն չի տա, եթե դա էլ տա) պորտֆելի ավելացումով տարբեր մակարդակներում: Ընդամենը: Պետք չէ ակնկալել, որ ՀՅԴ-ն իր հայտարարության կետերը սկզբունքային հարթության վրա է դնելու ու հրաժարվելու է կոալիցիայի մաս կազմել, եթե իրեն «չհասկանան»: Այդպես եղել է և լինում է ընտրություններից հետո, կառավարությունների հրաժարականից ու հատկապես նոր կառավարության ձևավորումից առաջ: ՀՅԴ-ն փորձում է բազմապատկել իր 7 ձայնի հզորությունը: Միրաժներ: Միրաժներ: Միրաժներ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում