«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կեղծ վթարների գործում ներգրավված են եղել տասնյակից ավել վարորդներ, որոնք հրավիրվել են ԱԱԾ՝ հարցաքննության։ Ավելին՝ ԱԱԾ-ն կեղծ վթարներ կազմակերպելու գործով կալանավորել է ճանապարհային ոստիկանության մի աշխատակցի։ Եվ այս օրերին հերթով հարցաքննության են հրավիրում ապահովագրական ընկերությունների աշխատակիցներին՝ հասկանալու համար, թե նրանք որքանով են ներգրավված եղել այս բանդայի մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթը իր ունեցած տեղեկությունը փորձեց պարզել գործը բացահայտած եւ նախաքննություն իրականացնող մարմնից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Միքայել Համբարձումյանին ուղարկված հարցումների մեջ էր նաեւ այն տեղեկությունը, թե քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ապահովագրական ընկերություններից շուրջ 10 միլիոնը գերազանցող գումարների հափշտակության դեպք, ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել նշված գործի կապակցությամբ։
Ի պատասխան՝ ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Միքայել Համբարձումյանը հայտնեց. «Ապահովագրական ընկերություններից կեղծ վթարների արդյունքում գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նույնպես դեռեւս նախաքննություն է ընթանում, ուստի այս դեպքում եւս ստիպված եմ սեղմ տվյալներ ներկայացնել։ Կարող եմ փաստել, որ գործով մեղադրվող անձինք 2016- 2017թթ. ընթացքում Երեւանում կազմակերպել են թվով 15 կեղծ վթարներ, ինչի արդյունքում 2016 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 2017 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ, «Ինգո Արմենիա» ԱՓԲ եւ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերություններից, որպես վթարի համար ապահովագրական հատուցում, խաբեությամբ հափշտակել են շուրջ 23 մլն ՀՀ դրամ գումար եւ 8 մլն ՀՀ դրամի հափշտակության փորձ են կատարել»։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում