«Տրամաբանությունը, թե որքան շատ կրակում են, այնքան ավելի արագ համաձայնության կգան, չի կարող աշխատել»,- ասում է Լավրովը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը ժամանել է Բաքու: Համանախագահները փետրվարի 6-7-ը Ադրբեջանի իշխանությունների հետ Ղարաբաղյան կարգավորման հարցով քննարկումներ են անցկացնելու։ Փետրվարի 8-9-ը նախատեսվում է համանախագահների այցը Երեւան եւ Ստեփանակերտ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից առաջ՝ հունվարի 18-ին, Կրակովում անցկացվեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Տարածաշրջանային առաջիկա այցի ընթացքում միջնորդները ակնկալում են հստակեցնել կողմերի դիրքորոշումները: Ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը որոշ մանրամասներ էր ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի կրակովյան բանակցությունների վերաբերյալ:
Ըստ պաշտոնական Երեւանի տարածած հաղորդագրության՝ Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը շարունակել են քննարկումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ: Ըստ միջնորդների՝ նախարարների միջեւ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։ Ռուսաստանցի համանախագահը նշել էր, որ նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստած փաստաթղթին, որով կարգավորվելու է լրացուցիչ 7 դիտորդի գործունեությունը: Պոպովը հավելել էր, որ մնացել է համաձայնեցնել միայն տեխնիկական դետալները՝ ընդլայնման մեխանիզմը գործարկելուց առաջ: Ըստ Պոպովի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները շարունակել են քննարկումները հակամարտության առավել խրթին կետերի շուրջ, որոնք խոչընդոտում են կարգավորման գործընթացին: Խոսքը մասնավորապես «կարգավիճակի եւ տարածքների հետ կապված հարցերի» մասին է՝ շեշտել էր դիվանագետը:
Անցյալ շաբաթ Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է կարգավորման գործընթացին՝ նշելով, թե Ռուսաստանը համարում է, որ ԵԱՀԿ-ն կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրագործել այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ կողմերն ավելի վաղ համաձայնության էին եկել:
Լավրովն ընդգծել է, որ դեռեւս 2010 թվականից քայլեր են ձեռնարկվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ. «2016 թվականի ապրիլին շփման գծում հայտնի միջադեպերից հետո Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Նույն տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում՝ համանախագահների մասնակցությամբ: Այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ որպես վստահության ամրապնդման հստակ քայլ շփման գծում 6-7-ով ավելացնել ԵԱՀԿ առաքելության դիտորդների թիվը: Մինչ օրս տարվել է աշխատանք այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ կողմերն այժմ մոտ են հստակ ձեւաչափերի շուրջ համաձայնեցման գալուն, եւ մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարող է օպերատիվ կերպով այն գործի դնել»:
Այնուհետեւ Ռուսաստանի ԱԳ նախարարը հավելել է, որ ցանկացած հակամարտության կարգավորման գործընթաց ենթադրում է զուգահեռ համաձայնեցված գործողությունների իրականացում, որոնք կհանգեցնեն անվտանգության ամրապնդմանն ու խնդրի քաղաքական կարգավորմանը. «Այն տրամաբանությունը, թե որքան շատ կրակում են, այնքան ավելի արագ համաձայնության կգան, չի կարող աշխատել իրական կյանքում: Ակնկալում եմ, որ այն, ինչի շուրջ համաձայնության են եկել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, եւ որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ ներկայացուցիչները, կիրականացվի»:
Նշենք նաեւ, որ անցյալ շաբաթ լրագրողների հետ ճեպազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ընդգծեց, որ ՌԴ-ն միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ ակտիվորեն հանդես է գալիս ԼՂ շփման գծում լարվածության թուլացման օգտին եւ ջանքեր է գործադրում՝ ուղղված հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը: Նա հավելեց, որ մեծամասամբ հենց այս դիտորդական առաքելության ընդլայնման հարցին է նվիրված եղել 2016թ. հունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, եւ որ նշյալ հարցը քննարկվել է նաեւ 2017թ. նոյեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հանդիպման ժամանակ: «ԵԱՀԿ շրջանակում պատրաստվել էին մի քանի փաստաթղթեր, որոնք կարգավորում էին հավելյալ դիտորդների գործունեությունը: Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ համանախագահների կողմից կազմակերպված երկու երկրի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ներկայացվել էին թարմացված առաջարկներ: Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների կողմից պատրաստված փաստաթղթի առնչությամբ: Մնացել են մի շարք տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն՝ մինչ գործի կդրվի ընդլայնման մեխանիզմը»,- ասել էր Զախարովան:
Շփման գծում դիտորդների թվի ավելացման համաձայնության թեմային է անդրադարձել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոն. «Կարծում ենք, որ կազմակերպության կողմից աջակցության ցանկացած ձեւաչափ չափազանց կարեւոր կլինի դրված նպատակի համար: Հենց դրանից ելնելով էլ կարծում ենք, որ խոսք է գնում կարեւոր դրական քայլի մասին»: Իսկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Միկելե Նիկոլետին հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ խաղաղ կարգավորում կունենա: Նիկոլետին ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն հարգանքով է մոտենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի դերակատարություններին: Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործունեության, որն ուղղված է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին էլ անդրադարձել է ձգձգվող հակամարտություններին՝ նշելով, որ միջազգային դերակատարները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը ձգձգվող հակամարտությունների կարգավորման համար: Նա այս մասին նշել է ԱՄՆ-ում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումներն ամփոփելիս: Այս հանդիպումների ընթացքում կողմերի ուշադրության կենտրոնում են եղել ձգձգվող հակամարտությունները, այդ թվում՝ Հարավային Կովկասում չկարգավորված հակամարտությունները, ինչպես նաեւ մարդասիրական խնդիրների, միգրացիայի եւ ահաբեկչության հետ կապված հարցերը: Ծերեթելին ներկայացրել է այդ ուղղություններով ԵԱՀԿ խորհրդարանականների կողմից իրականացվող աշխատանքը: «ԵԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ը գործընկերներ են շատ ոլորտներում, եւ քանի որ մենք բոլորս աշխատում ենք խաղաղության, անվտանգության եւ զարգացման ուղղությամբ, չափազանց կարեւոր է օգտվել միմյանց ուժեղ կողմերից: Մինչ ԵԱՀԿ խորհրդարանականները շարունակում են աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիայի հետ խնդիրների լուծման ճանապարհների որոնումը եւ չլուծված հակամարտությունների կարգավորումը, ես վստահ եմ, որ մենք կկարողանանք լիարժեք աշխատել այդ բոլոր ոլորտներում ՄԱԿ-ի հետ համատեղ»,- ասել է Ծերեթելին:
Այսպիսով, համանախագահները ժամանել են տարածաշրջան՝ հստակեցնելու կողմերի դիրքորոշումը «կարգավորման խնդրահարույց հարցերի շուրջ»: Միջնորդ երկրների կողմից խոսվում է «վստահության միջոցների ամրապնդման» մասին, բայց առավելապես որպես վստահության ամրապնդման քայլ առայժմ ներկայացվում է շփման գծում ԵԱՀԿ առաքելության դիտորդների թիվն ավելացնելու մասին: Ըստ ամենայնի, սրա շուրջ պայմանավորվածության ձեռք բերմանը կողմերը, այնուամենայնիվ, մոտ են եւ որոշակի համաձայնություն ձեռք են բերել:
Սակայն թե ինչ ճակատագիր է սպասվում շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, արդյոք դրանց շուրջ ընթանո՞ւմ են քննարկումներ, «վստահության միջոցների ամրապնդման» շուրջ քննարկումները հենց դա՞ են ենթադրում՝ այնքան էլ հստակ չէ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 06.02.2018