2017-ի հոկտեմբերի 5-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը ԱԺ միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա: Այդ միջադեպի առնչությամբ «Ելք» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել, որ ստեղծվի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով եւ Գեղամյանի պահվածքին տա գնահատական: Նախագիծն այսօր ԱԺ լիագումար նիստերի օրակարգում քննարկելու համար դրվեց քվեարկության: Հիշեցնենք, որ այն ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:
Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենք մի կարեւորագույն խնդիր են բարձրացրել այս նախագծով՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ տեղի է ունեցել ոտնձգություն եւ դրա վերաբերյալ կա հայտարարություն. «Մենք, որպես քաղաքական մարմին, պետք է իրավական պաշտպանության մեխանիզմ առաջարկենք, ընդ որում, այդ մեխանիզմը պետք է լինի արդյունավետ»: Զեյնալյանը հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը տվել է այդ մեխանիզմը՝ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով:
Զեյնալյանը նշեց, որ եթե իրավական նորմերը չեն գործում, մարդը իր մեթոդներով է դիմում ինքնապաշտպանության, ուստի անկախ հանձնաժողովի գործունեության արդյունքներից, պետք է հնարավորություն տրվի, որ գոնե այդ հանձնաժողովը գործի:
Իսկ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ նախագծի վերնագրում իրենց գործընկերոջ պահվածքի վերաբերյալ կանխակալ վերաբերմունք կա, կարծես հաստատվել է, որ Գեղամյանը հարձակվել է: Նա ներկայացրեց նույն հիմնավորումները, ինչ հանձնաժողովում եւ վստահեցրեց՝ հանձնաժողովը դեմ չի եղել, խոսքը վերաբերում է միայն վերնագրին եւ մի շարք իրավական կարգավորումներին, որ պետք է հստակեցվեին, բայց «Ելքի» պատգամավորների կողմից չի ընդունվել ու տրվել է բացասական եզրակացություն:
Քվեարկությամբ նախագիծը մերժվեց, ընդ որում, կողմ էին միայն «Ելքի» պատգամավորները, ՀՅԴ-ն քվեարկեց ձեռնպահ, իսկ «Ծառուկյան» դաշինքն ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը: 52 դեմ ձայներով որոշումը չընդունվեց:
Էդմոն Մարուքյանը քվեարկությունից հետո արձանագրեց. «Փաստորեն պատգամավորը կարող է հարձակվել պատգամավորի վրա եւ բնականաբար այդ հարձակումը անձնական հողի վրա չէ, այլ՝ քաղաքական, այսինքն, մարդկանց կարծիքը, գործունեությունը, քաղաքական խոսքը կարող է հարվածի տակ դրվել այս շենքում: Այս քվեարկությունով դա խրախուսվում է: Այսինքն, ՀՀԿ-ականները անպատժելիության մթնոլորտ են տարածում նաեւ այս շենքում, բացի այն, որ երկրում նույնպես տարածում էին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ