Տարեսկզբին մի շարք ապրանքային շուկաներում արձանագրված թանկացումների հետեւանքով գնաճային միջավայրը Հայաստանում բավականաչափ ընդլայնվել է։ Տարեվերջի եւ այս տարեսկզբի ակտիվ դրսեւորումներից հետո գնաճը մտել է նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ։
Հիշեցնենք, որ պետական բյուջեով ամրագրված է 2,5¬5,5 տոկոս գնաճի միջավայր։
Վիճակագրական ծառայության տվյալներով, հունվարին այն եղել է 2,7 տոկոս՝ հաստատվելով նախատեսված միջակայքի ներքին սահմանում։ Գնաճը բարձր է եղել հատկապես պարենային ապրանքների շուկայում։ Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների թանկացումը մեկ ամսում կազմել է 5,7 տոկոս։
Գնաճային դրսեւորումները բավականաչափ ակտիվ են եղել նաեւ ոչ պարենային ապրանքների դեպքում։ Դրանք թանկացել են միջին հաշվով 1,5 տոկոսով։ Գնաճի վրա ազդեցություն են գործել առաջին հերթին էներգակիրների շուկայում տեղի ունեցած գնային փոփոխությունները։ Խոսքը վերաբերում է հատկապես բենզինին, դիզելային վառելիքին եւ շարժիչային գազին։
Հունվարի 1¬ից ակցիզային հարկի նոր դրույքաչափերի գործողության մեջ մտնելու հետեւանքով բենզինը թանկացել է 5,4 տոկոսով։ Գնաճային դրսեւորումները շատ ավելի ակտիվ են եղել ավտոմեքենաների լիցքավորման գազի եւ դիզվառելիքի դեպքում։ Եթե առաջինի գնաճը կազմել է 11,8, ապա երկրորդինը՝ 16,3 տոկոս։
Վառելանյութի շուկայում գների կտրուկ աճ է գրանցվել հատկապես տասներկուամսյա հատվածում։ Բենզինը Հայաստանում թանկացել է ավելի քան 28 տոկոսով։ Դիզվառելիքի գնաճը նշված ժամանակահատվածում գերազանցել է 37 տոկոսը։ Հեղուկ գազի գինը բարձրացել է գրեթե 11 տոկոսով։
Թե էներգակիրների շուկայում տեղի ունեցած այս դրսեւորումներն ինչպիսի անուղղակի ազդեցություն են գործել մյուս ապրանքների գների եւ դրանց փոփոխությունների վրա, չի մանրամասնվում։
Ա. Բեգլարյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում