Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհանդեսն արդեն կայացել է

Փետրվար 06,2018 10:00

Վրաստանի նախկին նախագահ, իսկ ներկայումս Ուկրաինայում բոցաշունչ ընդդիմադիր Միխեիլ Սաակաշվիլին ամենեւին էլ աչքիս լույսը չէ: Չնայած հնարավոր չէ  հերքել, որ վարդերի հեղափոխությունից հետո նա որոշ չափով «կարգի բերեց» իր հայրենիքը:

Հիմա ասում են, որ նա` որպես Վրաստանի ղեկավար, «հայատյաց էր»՝ դա էլ վիճելի հարց է: Ես նրան չեմ ընկալում որպես ինչ-որ վառ ժողովրդավար, նրա առաքելությունն այլ էր՝ վերականգնել տարրական կարգուկանոնը եւ անցկացնել տնտեսական բարեփոխումներ, ինչը Սաակաշվիլին կարողացավ անել եթե ոչ «5»-ի, ապա «4»-ի: Իշխանության կենտրոնացման քաղաքականության շրջանակներում ազգային փոքրամասնություններին առանձնապես արտոնություններ չեն տրվում, մանավանդ՝ եթե այդ փոքրամասնությունները կոմպակտ են բնակվում, ինչպես որ Ջավախքի որոշ շրջաններում է: Ասել, որ դա հատուկ հայերի դեմ էր արվում, ինձ թվում է` չափազանցություն է:

Սաակաշվիլիի արած լավ ու վատ գործերի մասին կարելի է վիճել՝ ինչպես ցանկացած պետական եւ քաղաքական գործչի դեպքում: Անվիճելի է մի բան. եթե կան մարդիկ, որոնց հետաքրքիր է կարդալ նրա մտքերը, ապա նրանց համար պետք է ստեղծել դրա բոլոր հնարավորությունները: Ումի՞ց են վախենում մեր իշխանությունները, երբ արգելում են Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսը՝ Կրեմլի՞ց, թե՞ Վրաստանի ներկայիս իշխանություններից, այնքան էլ կարեւոր չէ: Ինձ թվում է՝ այստեղ պետք է գործի շատ պարզ սկզբունք՝ խախտո՞ւմ է այդ գիրքը Հայաստանի օրենսդրությունը, թե՞ չի խախտում: Այդ սկզբունքից ելնելով` պարզ է, որ Հիտլերի «Մայն Կամպֆ»-ի շնորհանդեսն արգելելը միանգամայն օրինական կլիներ,  որովհետեւ այդ գիրքը պարունակում է օրենքով արգելված գաղափարների քարոզչություն: Եթե նման բան չկա, ապա ցանկացած գաղափարի, գրքի, թերթի տարածումը պետք է միայն խրախուսել: Թող մարդիկ կարդան եւ անեն իրենց հետեւությունները:

Սակայն «թվային  դարի» առանձնահատկությունն այն է, որ զուտ ֆիզիկապես այդ շնորհանդեսը կարելի է նաեւ չանցկացնել: Ավելին` շնորհանդեսի անցկացման արգելքն ավելի լավ շնորհանդես է, քան  զուտ ֆիզիկապես այդ գիրքը որեւէ խանութում կամ թանգարանում բաժանելն ու մակագրելը: Նրանք, ովքեր բացարձակապես չէին հետաքրքրվում Սաակաշվիլիի արտահայտած մտքերով (օրինակ` ես), սկսեցին մտածել՝ «գուցե այդ գրքի մեջ ինչ-որ բան կա՞»:

Ճիշտ նույն ձեւով Հուսիկ Արայի ոտանավորն այնքան քլնգեցին, որ այն հայտնի դարձավ հազարավոր մարդկանց: Ի դեպ, ես կողմ եմ, որ անցկացվի նաեւ այդ հեղինակի գրքի շնորհանդեսը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Հարց՝, ՞Ումի՞ց են վախենում մեր իշխանությունները, երբ…՞
    Պատասխան,՝՛Սահակաշվիլին ցույց տվեց, որ հնարավոր է արագ վերացնել կաշառակերությունը, օրինակ ոստիկանությունում: Նախկին ԽՍՀՄ տարածքում հնչող տխմար զառանցանքը, թե իբր անհնար է դրա դեմ պայքարել՝պարզապես կաշառակերների հնարած ապուշությունն է:՛ Դրա համար էլ վախենում են:

  2. Artur Lazarian says:

    Բութը վեր՝ այս յօդուածին,, 🙂

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728