Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել 27-ամյա Տիգրան Ավետյանի մայրը՝ Ռուզաննա Հակոբյանը ու փաստաբան Յուրիկ Խաչատրյանը՝ դժգոհելով, որ առանց լուրջ հիմնավորումների և ապացույցների նրան առանձնապես խոշոր չափի կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու մեղադրանքով 8 տարվա ազատազրկման են դատապարտել։
Ըստ մեղադրական եզրակացության, այս գործի մասնակիցները, ՀՀ-ում շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ պատրաստելու և իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով, պատրաստել են առանձնապես խոշոր չափերի թղթադրամներ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներում։ Փաստաբան Յուրիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 202 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, սակայն հանցակազմ առկա չէ և արդարացի դատաքննություն չի իրականացվում։ Գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որտեղ երիտասարդին ութ տարվա ազատազրկման են դատապարտել, Վերաքննիչ դատարան էլ այն թողել է անփոփոխ։
Յուրիկ Խաչատրյանի համոզմամբ, քրեական հետապնդման մարմինն այս գործը ինչ-որ մեկի, ավելի կոնկրետ Հովհաննես Նազարյանի միջոցով է կառուցել, որը, սակայն, անհետացել է գործից, նրան անգամ բերման չեն ենթարկել դատարան, թեև նրանից նույնիսկ հեռախոսահամար ունեին։
Ըստ բանախոսների, 27-ամյա Տիգրան Ավետյանը 2015թ․ մարտ ամսին փողոցում պատահաբար հանդիպում է բանակի իր ծառայակցին՝ Տ․ Եգանյանին, որին չէր տեսել ծառայությունից ի վեր և նրա մասին որևէ տեղեկություն չուներ։ Ծառայակից ընկերն ասել է, որ վարձով տուն է ման գալիս ու խնդրել է օգտվել նրա աշխատասենյակի համակարգչից։
Տիգրանը, որն աշխատել է օդանավակայանում ավիանավիգացիայի վրա, չի մերժել։ Ծառայակից ընկերն էլ տեսել է, որ նրա աշխատասենյակում տեղադրված է նաև գունավոր լուսապատճենահանման սարք ու օգտվել է նաև այդ սարքից՝ Ա4 ֆորմատի թղթի վրա 1000 և 10 000 դրամների պատկերներ տպելով։
Փաստաբանը, սակայն պնդում է, որ դրանք չեն կարող համարվել կեղծ թղթադրամներ, քանի որ ակնհայտորեն տարբերվում են ՀՀ շրջանառության մեջ գտնվող թղթադրամներից։ Բացի այդ, չկա որևէ իրեղեն ապացույց, որ դրանք որևէ տեղ շրջանառվել են։ Իսկ նմանատիպ թղթադրամներ անգամ դպրոցահասակ երեխաները կարող են տպել՝որպես խաղալիք օգտագործելու։ Փաստաբանը հարցում է կատարել Երևանի պետական համալսարանի քրեական ամբիոն, որտեղից մասնագիտական խումբը նշել է, որ կեղծ թղթադրամները պետք է պատրաստված լինեն վարպետորեն, և դրանք ակնհայտորեն չտարբերվեն ՀՀ շրջանառության մեջ գտնվող թղթադրամներից։
«Եթե կոպիտ կեղծում է կատարվել, ոչ վարպետորեն, նուրբ աշխատանք չի տարվել և ակնհայտորեն տարբերվում է մյուս թղթադրամներից, դրանք չեն կարող այն քանակությամբ մտնել շրջանառության մեջ, որպեսզի վնասեն դրամավարկային հարաբերությունները։ Այդ պատճառով հանցակազմ առկա լինել չի կարող։ Դա տալիս է և 202 հոդվածի մեկնաբանությունը, և ես՝ որպես պաշտպան, հարցում եմ արել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր Ա․ Գաբուզյանին, և նա պատասխանել է, ներկայացրել է, իհարկե, փորձագետի եզրակացությունը, որ այդ պատկերները Ա4 ֆորմատի վրա արված, դրանք արված են սովորական գունավոր, լուսապատճենահանման սարքով և այլ աշխատանք դրանց վրա կատարված չէ։ Մասնագետի կողմից տրվել է պատասխան, որ այդ դեպքում առկա չի կարող լինել նշված հանցակազմը կեղծ թղթադրամ պատրաստելու, քանի որ դրա վրա հոլոգրամաներ կպցված չեն, ինչ-որ համարանիշներ փոխված չեն, այլ աշխատանքներ չեն կատարվել, որոնք վարպետորեն կատարվեին, այնպես որ առաջին հայացքից անձը, ստանալով թղթադրամը, չտարբերեր իսկականից։
Իսկ եթե տարբերվում է, դա չի կարող համարվել կեղծ թղթադրամ։ Բացի այդ, ցանկացած կրպակներում, խանութներում բոլորս էլ ականատես կարող ենք լինել, որ դրված են տրցակներով նման պատկերահանված թղթադրամ և արտասահմանյան արտարժույթներ, այսինքն` այստեղ զուտ լուսապատճենման համար չի կարող հանցակազմ առկա լինել։ Առաջին ատյանի դատարանը զննության ժամանակ իրեղեն ապացույցների, բոլորիս աչքի առաջ զննեց, դա Ա4 ֆորմատի թղթի վրա արված գունավոր լուսապատճենահանված պատկերներն էին 1000 և 10 000 դրամանոցների։
Պարզ երևում է, որ դա տարբերվում է, այսինքն` եթե կոնկրետ մեկին առաջարկեն, չի կարող խաբնվել ու վերցնել որպես թղթադրամ։ Սակայն դատարանը հետեւության մեջ, մեղադրական եզրակացություն էր կայացրել և գրել էր, որ դրանք ակնհայտորեն չէր կարելի զանազանել, տարբերել իսկականից, դրանք միայն մանրակրկիտ զննությամբ կարող է տարբերվել։ Դրա համար մենք Վերաքննիչ դատարանում միջնորդեցինք կրկին զննել նկարված պատկերները, և Վերաքննիչ դատարանը 3 դատավորների կազմով, իրենք իրենց ներքին համոզմամբ և իրենց իրավագիտակցությամբ գնահատեին, տեսնեին՝ այդ նշված պատկերները, որոնց համար դատապարտում են իմ պաշտպանյալին 8 տարվա ազատազրկման, այսինքն` մարդասպանության համար նախատեսված պատժաչափ է նշված՝ 8-12 տարի» -ասում է փաստաբանը։
Ըստ դատափաստաթղթաբանական փորձաքննության եզրակացության էլ, Ա4 ֆորմատի թղթերի վրա, լազերային գունավոր տպագրման եղանակով կատարված 1000 և 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամների պատկերների ներկանյութերը համասեռ չեն, հավասարաչափ չեն տարածված և ներծծված չեն թղթի մեջ, չունեն ջրանիշ, հոլոգրաֆ, միկրոտպագրություններ և իրենց կատարման եղանակներով, պաշտպանական հատկանիշների բացակայությամբ չեն համապատասխանում նշված թղթադրամների պատրաստման եղանակին և պաշտպանական հատկանիշներին։
Ըստ նրա, եթե անգամ իր պաշտպանյալը փորձ է արել կեղծ թղթադրամներն իրացնելու, ապա այստեղ հանցատեսակը փոխվում է։ «Գալիս է այլ հանցակազմ, խարդախության հանցակազմ, այսինքն` եթե մութ ժամանակ ես փորձում տալ կեղծ թղթադրամը կամ անձի կամ տրանսպորտային վարորդի, ցանկանում ես նրա ուշադրությունը շեղված ժամանակ տալ կամ մութ ժամանակ տալ, որ ինքը ուշադիր չլինի, վերցնի, այստեղ ևս կեղծ թղթադրամ իրացնելու հանցակազմ չկա, առկա է խարդախության հանցակազմ։ Փորձում ես խաբեությամբ իրացնել, և մենք ասում ենք՝ եթե դուք գտնում եք, որ դա դեռևս պատրաստի կեղծ պատրաստված թղթադրամ չէր, ուրեմն բարի եղեք որակեք գոնե խարդախության հանցակազմ, որի պատժաչափը ավելի քիչ է ՝4-8 տարի է, 2-5 տարի 2-րդ մասն է, 3-րդ մասը՝ 4- 8 տարի», -ասում է Յուրիկ Խաչատրյանը։
Նա նշում է, որ իր պաշտպանյալը մեծ գումար է վաստակել օդանավակայանում, ապօրինի ճանապարհով փող աշխատելու կարիք բնավ չի ունեցել։ Նրանք դիմել են Վճռաբեկ դատարան, և եթե այստեղ էլ որևէ արդյունքի չհասնեն, կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։։
Բանախոսների համոզմամբ, այս գործը սարքվել է Տիգրան Ավետյանի ծառայակից ընկերոջ հետ վարձով բնակվող տղայի՝ Հովհաննես Նազարյանի դրդմամբ։ Ծառայակից ընկերը իր ցուցմունքում նշել է, թե ինքը 30 հատ հազար դրամանոց իրացրել է տրանսպորտային միջոցներում մութ ժամանակ՝ վախենալով, որ չբռնվի։ «Պարզորոշ երևում է, որ այստեղ խարդախության հանցակազմ է արդեն, եթե ընդունենք նույնիսկ այդ տարբերակը, որ այդ տղան նպատակ ուներ ինքը տաներ, խաբեությամբ իրացներ, սակայն նա ցուցմունք է տվել, որ իմ պաշտպանյալի հետ որևէ պայմանավորվածություն չի ունեցել, որ պետք է իրացնի ու այդ գումարներից բերի, հատկացնի իմ պաշտպանյալին», ասում է փաստաբանը։
«Երևում է, որ ահագին չարչարանք է տարվել, օպերատիվ աշխատանք ոստիկանության կողմից այս գործը պատրաստելու, բերելու, դատարան հասցնելու համար, դե, բնականաբար, զեկույցներով գնացել են, որ մեծ քանակությամբ ինչ-որ մեծ տպարան են գտել կեղծ փողերի։ Լրատվամիջոցներն էլ նման դեպքերում շտապեցին, գրեցին, որ գտել են ինչ-որ կազմակերպված խմբի, չեչենական փողեր, որ տպագրում էին, համարյա նման հանգամանքներ էին դարձրել, սակայն ամբողջ իրողություն այն է, որ սովորական պարզ, պրինտ արված, էն էլ մեկի դրդմամբ էն մյուսը, որի հետ վարձով մնում են մի տեղ, եկել, այս տղայի աշխատասենյակում քանակություն են հանել, որ տանեն, հանձնեն օպերներին և ասեն՝ տեսեք մենք մեր աշխատանքը կատարեցինք։ Երևի հրահանգավորված է եղել, ձայնագրություններից էլ են երևում, էդ ոմն Հովհաննեսը, որը ի հայտ չեկավ, ձայնագրություններում դրդում է, ասում է ՝ շուտ արա, էդ տղային ասա, հայհոյանք է տալիս, ամեն կերպ այնպես արա, որ քանակություն խփի, բերենք այդ քանակությունը տանք մարդկանց։ Պարզ երևում է, որ բերում, այս տղայի գլխին սարքում են»,- ասում է փաստաբանը։
Բանախոսները նաև հավելում են՝ փորձաքննության մեջ նշված է, որ թղթադրամները տպվել են Xerox Work Centre 7120 մոդելի տպիչ սարքով, սակայն, հենց նույն դատահամակարգչային փորձաքննության եզրակացության մեջ գրված է, որ կոնկրետ Տ․Ավետյանի հիմնարկում գտնվող տպիչ սարքի իրանում առկա և ջնջված ֆայլերում գործի հանգամանքների հետ առնչվող ֆայլեր չկան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ