Կարատեի այս ոճի ֆեդերացիաների ներկայացուցիչներն այսօր հանդիպման էին հրավիրել ԶԼՄ-ներին՝ հայտարարելու, որ իրենք հոկտեմբերին արդարադատության նախարարությունում գրանցել են «Կոնտակտային կիոկուշին կայ կարատեի ասոցիացիա»: Նրանք խոսեցին նաեւ նպատակների ու ծրագրերի մասին:
Բանախոսների փոխանցմամբ, ասոցիացիա ստեղծելու գաղափարը վաղուցվանից կար, սակայն խանգարող ինչ-ինչ հանգամանքների պատճառով չէր ստացվում: Սակայն իրենք երեք ամիս նյութը մշակելուց հետո հասկացել են, որ ուշացնել պետք չէ: «Ասոցիացիայի կանոնադրությունում կետ կա, որ մենք բաց ենք բոլորի համար եւ պատրաստ ենք համագործակցել իրենցից լուրջ ֆեդերացիա ներկայացնող կազմակերպությունների հետ եւ համապատասխան հրավերներ ուղարկել ենք: Նպատակը ուժերը միավորելն է եւ Հայաստանի համար տեսանելի արդյունքներ ապահովելը աշխարհում, թեեւ արդեն արդյունքներ կան: Եթե առաջ կիոկուշին կայ կարատեում Հայաստանը ներկայացնում էին տարբեր ֆեդերացիաներ, հաջորդ տարվանից Հայաստանը միջազգային մրցումներում ներկայացվելու է մեկ հավաքական թիմով:», – ասացին նրանք:
Նպատակ կա տարին մեկ անգամ՝ աշնանը, ասոցիացիայի անդամ ֆեդերացիաների մասնակցությամբ կազմակերպել Հայաստանի առաջնություն, որպեսզի ընտրվեն լավագույնները, նրանց համար կկազմակերպվեն հավաքներ եւ ներկայանալի հանդես կգան արտերկրյա մրցաշարերում: Ասոցիացիան նաեւ օրենսդրական բացերը Հայաստանում լրացնելու նպատակ ունի:
Aravot.am-ը հիշեցրեց, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պաշտոնապես ընդունում է կարատեի մեկ`«Հայաստանի կարատեի ֆեդերացիան», որի կազմում միավորվել են արեւելյան մարտարվեստների շուրջ 25 ֆեդերացիաներ, եւ հետաքրքրվեց, թե նորաստեղծ ասոցիացիային անդամագրված ֆեդերացիաներն իրավունք կունենա՞ն Հայաստանը պաշտոնապես ներկայացնել միջազգային ասպարեզներում: «Այո, նախարարությունը ճանաչում է մեկ ֆեդերացիա: Բայց կարատեն բազմաոճ է՝ կոնտակտային եւ ոչ կոնտակտային:
«Հայաստանի կարատեի ֆեդերացիան ոչ կոնտակտային ոճերի ֆեդերացիա է: Մենք այսօր խոսում ենք կոնտակտային կիոկուշին կայ կարատեների ասոցիացիաների մասին: Մենք չենք կարող անդամագրվել նրան, քանի որ կոնտակտային եւ ոչ կոնտակտային ոճերի համադրումը անհեթեթ կլինի: Մենք կարող ենք ընդամենը համագործակցել զուտ ինֆորմացիայի կամ զուտ շփման շրջանակներում», – եղավ պատասխանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ