«Ես վստահ եմ, մեր ընթացիկ դարաշրջանը պատմության մեջ կկոչվի խառը կանաչու դարաշրջան»,- այսօր «Ոչ թանկացումներին» երթի ժամանակ կատակեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ իրենց նախորդ հավաքից հետո բենզինը 20 դրամով էլի թանկացավ, թանկացումները հասել են արդեն դպրոցական բուֆետներին: Փաշինյանն ասաց, որ իշխանություններն ասում են, թե աղքատների հետ արդեն ինչքան վատ բան պիտի տեղի ունենար՝ արդեն տեղի է ունեցել. «Ասում են՝ չեն մեռնի, էս 20 տարվա մեջ աղքատներն այնքան իմունիտետ են ձեռք բերել, ինչքան ուզում եք թանկացրեք, կարտոֆիլ կուտեն, կարտոֆիլը թանկանա՝ խառը կանաչի կուտեն, խառը կանաչին թանկանա՝ կանաչ սոխ կուտեն եւ այսպես շարունակ: Ամեն ինչին էլ այլընտրանք կա ու ՀՀ քաղաքացիները այլընտրանք գտել են արտագաղթը: Արտագաղթն ի վերջո ամեն ինչին էլ այլընտրանք է, հո չեն մեռնի: Բայց մեր խնդիրն այն է, որ ՀՀ տնտեսությունը լինի մրցունակ, դիմադրողական, որովհետեւ Նոր Զելանդիայում մի հատ ֆերմեր ինչ-որ բան այն չի անում, Հայաստանում կարագի գինը թանկանում է 40 տոկոսով, իսկ դրա արդյունքում Հայաստանում ինչքանով է թանկանում մթերվող կաթի գինը՝ չի՛ թանկանում: Երբ միսը 40 տոկոսով թանկանում է, ինչքա՞ն են շահում խոզաբուծությամբ զբաղվող մարդիկ, չեն շահում, թանկացումների արդյունքում խոզերն արդեն նրանք վերացրել են»:
Երբ Փաշինյանն իր ելույթն ավարտեց, երթի մասնակիցներից մեկը բղավեց. «Փաշինյան, մի բան ասեմ, լավ ա հայ ժողովուրդը չինացի չի, թե չէ կասեին՝ գնացեք ծառից որդը կերեք, ապրեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ