Սարգիս Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի հաշվառվելու եւ անձնագրավորվելու նպատակով 2014 թվականի մարտ ամսից մինչեւ նույն թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, պաշտոնական անձ չհանդիսացող հանրային ծառայող, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ Գոռ Քալանթարյանին անձամբ տվել է խոշոր չափերով`ընդհանուր 500 հազար դրամ ապօրինի վարձատրություն:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`Ս. Խուդոյանը կալանավորված է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել 312.1 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով» ), 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը» ) եւ 329 հոդվածի 1-ին մասով («Պետական սահմանն ապօրինի հատելը» ): Ս. Խուդոյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է հունվարի 31-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ