Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի շուրջ Հայաստանում բարձրացված աղմուկն անիմաստ է և մեզ հարվածող։ Ըստ նրա, կոնկրետ Կրասնոդարի երկրամասում հայ համայնքի դեմ բազմաթիվ քրեական խմբավորումներ են պայքարում նրանց ձեռքում գտնվող տարբեր բիզնեսները խլելու համար, իսկ այդպիսիններին հնարավոր է միայն կարգի հրավիրել իրենց ներկայացուցիչների միջոցով։
Մեր զրուցակցի ասելով, դա ողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, օրինակ՝ ԱՄՆ-ում ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների դեմ՝ չինական տրիադաների, ճապոնական յակուձայի, վիետնամական ու իտալական մաֆիաների, «Արմենիան փաուերի» անդամներին կարգի են հրավիրում իրենց ներկայացուցիչների միջոցով։
«Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շատ ուրախ կլինեի, որ մեր հասարակությունը ձերբազատված լիներ քրեածին տարրերից, բայց մենք մաքրամաքուր իրավական աշխարհում չենք ապրում։ Թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում քրեական տարրերը նույն ֆունկցիաներ են կատարում, ինչ Ռուսաստանում կամ Հայաստանում։ Եթե կոնկրետ անդրադառնամ Ռուբեն Թաթուլյանին, կասեմ՝ մարդ, որն ապրում է Սոչիում, որն հիմնականում զբաղվում է բարեգործությամբ, որի քրեական պատմությունների մասին տեղեկություններն ընդամենը բամբասանքի բնույթ են կրում։ Եթե նույնիսկ այդ քրեականը կա, ի՞նչ իմաստ կա այդքան բարձրաձայնել, մենք որ այդքան ընկել ենք էդ մարդու հետևից, ասենք թե Ռոբսոնին ի չիք արեցին, վերացրեցին, ո՞վ է պաշտպանելու հայ համայնքի շահերը Կրասնոդարի երկրամասում, որտեղ մենք ունենք մեկ միլիոնից ավել հայություն։
Մենք շատ լավ գիտենք Ռուսաստանն ինչ երկիր է և ինչ վարկեր, բարքեր կան։ Այդ նույն Ռոբսոնը, եթե չլինի, Հյուսիսկովկասյան քրեածին տարրերը՝ դաղստանցիները, աբխազները, օսերը, չեչենները ուղղակիորեն թալանի կենթարկեն հայ համայնքին։ Իհարկե, ուրախ կլինեիք, եթե ամեն մի հարց օրինական ճանապարհով լուծվեր, խնդիր չլիներ, բայց հիմա գործ ունենք Ռուսաստանի հետ։ Արևմտյան արժեքների ջատագովները հեչ իրենց չե՞ն հարցնում, թե ինչպե՞ս եղավ, որ մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում հայտնի հայ, օրենքով գող, անունը չեմ ուզում տալ, ուղղակիորեն թալանել էր Medicare ամերիկյան բժշկական ապահովագրական ընկերությունը՝ 100-ից ավելի մասնակիցներով, հիմա ազատության մեջ է։ Այն ժամանակ CNN-ը , ABC-ը, Fox News-ը 3-4 օր իրենց ամբողջ եթերը տրամադրել էին այդ օրենքով գող հային, ձերբակալեցին, հայտարարեցին, որ ինքը ցմահ պետք է նստի, իրեն կվտարեն ԱՄՆ-ից։ Այդ մարդը հիմա նույն ԱՄՆ-ում ազատության մեջ է, վերջերս Լոս Անջելեսում նշել է իր 50-ամյակը շատ ճոխ։ Ես ինքս ուրախ եմ, որ ինքը կա ԱՄՆ-ում, որովհետև այդ նույն հայկական քրեածին տարրերը չլինեն, մեքսիկները, չինացիները, վիետնամցիները, որոնք ունեն իրենց քրեական խմբավորումները, ուղղակիորեն «կուտեն» հայերին այնտեղ։ ԱՄՆ-ում հեչ չե՞ն հասկանում, որ նա օրենքով գող է և քրեական տարր․ մի քանի միլիոն դոլարի թալանել և հիմա 50-ամյակ նշե՞լ»,-ասում է Գագիկ Համբարյանը։
Ըստ նրա, նմանատիպ մարդկանց, իհարկե, չպետք է պետական կառույցներում խորհրդականի կամ օգնականի հաստիքներ հատկացվեն, բայց միևնույն ժամանակ այդպես մեծ աղմուկ հանել՝ անտեսելով նրանց դերակատարությունը հայերի համար որոշակի վտանգ ներկայացնող տեղանքներում, մեր շահերից չի բխում։
«Այդ քրեածին տարրերը Եվրոպայում ինչպես են ապրում, եվրոպական խոշոր պետությունների ոստիկանությունները Բելգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում չգիտե՞ն այդ օրենքով գողերի մասին, որ հիմա ազատ նրանք այնտեղ ապրում են։ Բոլորն էլ գիտեն, սա ընդամենը քաղաքականություն է, և մենք պետք է զերծ մնանք այս ամենը ի ցույց դնելու և վիրավորանքներ տալու մարդկանց։ Ասում են, որ Ռոբսոնը մոտ է ՌԴ նախագահ Պուտինի հետ, եթե Պուտինի նման մարդուն ձեռնտու է, մենք ինչի՞ ենք այդքան աղմուկ բարձրացնում։ Նույն ԱՄՆ-ում հայտնի երգիչ Ֆրենկ Սինատրան ուղղակիորեն միջնորդ է եղել ԱՄՆ կառավարության և Նյու Յորքի, Չիկագոյի բանդիատական խմբերի, մաֆիայի միջև։ Բայց դա ոչ ոք այդպես չբարձրաձայնեց, Ֆրենկ Սինատրայի վարկանիշն էլ չընկավ»։
Գագիկ Համբարյանը մեջբերում է նաև գյումրեցի Բենիկ Խաչատրյանի օրինակը, որը մահացավ 2006 թվականին ավիաաղետից։ «Այս մարդը հազարապատիկ անգամ Դոնի Ռոստովում հայ համայնքին ավելի մեծ օգուտ էր տալիս, քան Հայաստանի հյուպատոսությունն այդ քաղաքում։ Ուրախ կլինեինք, որ աշխարհը լիներ իդեալական ու չլինեին այդ մաֆիաները, բայց եթե Ճապոնիայի իշխանությունը բացահայտ նշում է, որ ճապոնական յակուձան ֆինանսական օգնություն է տրամադրել Ֆոկուսիմայի աղետի զոհերին, մենք ինչի՞ հետևից ենք ընկած։
Եթե Իտալիայի իշխանությունները չափավոր պայքար են մղում իտալական մաֆիայի դեմ, չափավոր, բայց այդ մաֆիան միշտ կա ու կմնա, ինչի՞ մասին է խոսքը։ Եկեք չմոռանանք, որ այդ նույն քրեածին տարրերը ինչ օգուտ էին տալիս Հայաստանին և Արցախին արցախյան պատերազմի տարիներին։ Շատերը գիտեն «Սվո Ռաֆի»՝ Ռաֆիկ Բաղդասարյանի տրամադրած օգնությունների մասին։ Չեմ զարմանա, եթե ռուս-ամերիկյան հարաբերությունների որոշակի կարգավորումից հետո Ռուբեն Թաթուլյանն ԱՄՆ-ում ինչ-որ հայի շքեղ հարսանիքի մասնակցի», -ասում է մեր զրուցակիցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ