«Ժողովուրդ ջան, կառավարության ղեկավարը ԱԺ-ում փորձեց հիմնավորել, որ տնտեսության մեջ 4 տոկոս գնաճը տնտեսությանն օգուտ է: Այսինքն, ասում են՝ ժողովուրդ ջան, էս թանկացումներն անում ենք քո համար, որովհետեւ քեզ դա շատ է պետք ու եթե այլ երկրներում 7,8 10 տոկոս է, մեզ մոտ 2,5 տոկոս է, այնպես որ մեր նկարները տարեք փակցրեք ձեր պատին, տակը մոմ վառեք ու շնորհակալ եղեք, թե ինչքան իմաստուն իշխանություն ունեք»,- այսօր «Ելք» դաշինքի կազմակերպած «Ոչ թանկացումներին» երթի ժամանակ իշխանություններին այսպես հեգնեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության Արամ Սարգսյանը:
Նա ասաց, որ իշխանությունները ընդդիմությանն են մեղադրում, որ պահանջում են ավելացնել աշխատավարձերը, թոշակները, ասում են՝ բա այդ փողը որտեղի՞ց. «Ժողովուրդ ջան, խնդիրը մենակ էս թանկացումները չի, մենակ էս թանկացումներով ձեր կյանքը ծանր դարձնելը չի, խնդիրը շատ ավելի գլոբալ է: Խնդիրը ՀՀ տնտեսությանն է վերաբերում, այդ տնտեսության կայունությանը, էդ տնտեսության ողջ մնալուն: Տեսեք ինչ է կատարվում, ցանկացած բյուջե ունի մուտքային մաս, որը հավաքվում է իր քաղաքացիների մուծված հարկերից ու երբ որ հարկերի քանակը չի հերիքում պետության առաջ ծանրացած խնդիրները լուծելու, զենք, զինամթերք, բյուջետային աշխատողներ, ինքը պարտքեր է վերցնում, այսինքն, դեֆիցիտը լրացնում է պարտքով ու գալիս հասնում է մի ժամանակ, որ պիտի ինքը արդեն պարտքերը հետ վերադարձնի, բայց լրացուցիչ փող չունի: Ի՞նչ է անում: Նորից գնում է պարտք տվող կազմակերպություններին ասում՝ ինձ պարտք տվեք, որ պարտքերս տամ, այսինքն, պետությունը նստում է պարտքի ասեղի վրա»:
Ըստ Արամ Սարգսյանի, հիմա էլ պարտք չեն ուզում տան, ասում են՝ ես նայում եմ քո բյուջեին, եղբա՛յր, ավելորդ բազմաթիվ ծախսեր ունես, հետո քո երկրում 50 տոկոս ստվեր կա, գողություն կա, կոռուպցիա կա, գնա վերացրու, չէ՝ չեմ տալու: Ասում ՝ որպեսզի ես քեզ նորից պարտք տամ, պիտի թոշակները, աշխատավարձերը չավելացնես, հարկերը ավելացնես, որ կարողանաս մուտքերը ավելացնես, որ կարողանաս պարտքերը փակես. «Սա ընդունված կարգ է, ժողովուրդ ջան: Բայց եթե եվրոպական երկրների համար այս տարբերակն աշխատում է, ՀՀ-ի համար չի կարող սա աշխատել, որովհետեւ մենք փակ սահմաններով ենք ապրում, որովհետեւ 5-7, 9 տոկոս տնտեսական աճով Հայաստանում ոչ աղքատության ցուցանիշը կիջնի, ոչ գործազրկության: Մեր արտագաղթի տեմպերով էլ այդ ամեն ինչը կատաստրոֆայի կվերածվի մեզ համար: Հետեւաբար, մեզ նոր բան է պետք հորինել, մեզ հրաշք է պետք, այնպիսի հրաշք, ինչպիսին Սինգապուրում էր, Իսրայելում էր: Որն է այդ հրաշքը: Այս իշխանությունները, փոխանակ մտածեն, ամեն անգամ մտածում են մեր տնտեսությունը կով է, որը կաթ է տալիս ու ամեն անգամ էդ կովից լրացուցիչ կաթ են ուզում: Հասցնելու են նրան, որ էդ կովը սատկի: Մենք առաջարկում ենք գնել նոր կով, բյուջեի մուտքը ավելացնել դրանով»:
Արամ Սարգսյանն ասաց, որ ինչքան էլ կանգնեն ասեն՝ մի գողացեք, դա տարբերակ չի, չի աշխատելու, որովհետեւ իրենք գողանալու են եւ իրենք իրենց դեմ չեն պայքարելու, հետեւաբար պիտի այնպիսի լուծում առաջարկեն, որ անգամ իրենք համաձայնվեն. «Այդ լուծումը գիտելիքն է, մարդու միտքը: Այսօր ՏՏ ոլորտում ՀՀ-ում բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք արագ աճում են, տարբեր երկրներից ծրագրային պատվերներ են կատարում, կոճակը սեղմում են՝ պատվերն արդեն Չինաստանում է, Սինգապուրում է, դրա համար կապ չունի՝ Լարսը փակ է, թե չէ, ճանապարհ, ոչ մի բան կապ չունի: Հրաշալի ոլորտ է, այդ մարդիկ աշխատում են բացարձակ թափանցիկ»:
Արամ Սարգսյանն ասաց, որ անգամ այս ոլորտի վրա հարկերն ավելացնելով՝ այդ ոլորտով զբաղվողները ստիպված թողնելու են գնան Բելառուս, որը ավելի լավ պայմաններ է ստեղծել, իսկ տարածաշրջանում ՀՀ-ն ամենաքիչ գումարներն է տալիս գիտությանը: Ըստ Արամ Սարգսյանի, մերոնք ապաշնորհ չեն, պարզապես իշխանությունն այդ ուղղության վրա ուշադրություն չի դարձնում:
Արամ Սարգսյանն առաջարկեց նաեւ ներդրումներին զարկ տալ կոնկրետ ոլորտներում՝ մետալուրգիայում, ջրի ոլորտում: Նա ասաց, որ ջրի կորուստներ շատ ունենք, դա ամբարել է պետք, 10 տարի հետո ջուրը կրկնակի թանկանալու է, այսօրվանից պետք է առանց պոմպերի այս ջուրն ինքնահոս հավաքել: Դա լրացուցիչ մուտք է ապահովելու բյուջեին. «Մեզ կրկնակի, եռակի էլ քերթեք, վերջում դա էլ է վերջանալու: Սրանով սպանում են ՀՀ տնտեսությունը եւ ասում են՝ դա անում ենք ձեզ համար»:
Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել, մինչդեռ իշխանությունները չեն արձագանքում, քարացած են եւ պահում են միայն իրենց տեղն ու իրենց աթոռը՝ վերարտադրության խնդիր են լուծում, ուրիշ ոչինչ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ