Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքն» առաջարկում է շքեղ ապրող օլիգարխների գույքը հարկել ու թանկացումների դեմն առնել

Փետրվար 05,2018 19:15

Այսօր «Ելք» դաշինքի կազմակերպած «Ոչ թանկացումներին» երթի ժամանակ հավաքված քաղաքացիներից մեկը դիմում էր Փաշինյանին, թե ժողովրդի մասին չե՞ք մտածում: Նա ասաց, որ 88 տարեկան է եւ ձայնի իրավունք չունի՞, խնդրում էր իրեն ձայն տալ:

Իսկ հարթակում ելույթ էր ունենում «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նա կոչ արեց մարդկանց համակարգիչներից կտրվել եւ գալ հրապարակ: Նա ասաց, որ մենակ ընտրությունից ընտրություն չեն քաղաքացիները կառավարմանը մասնակցում. «Մենք կոչ ենք անում դուրս գալ հրապարակ, մասնակցել երթին, ցույց տալ մեր կամքը եւ պարտադրել մեր կամքը…Լսումները, որ իրականացվեցին, պարզություն մտցնելու փոխարեն խառնաշփոթ առաջացրեցին: Պետական այրերի մի մասը շփոթմունքի մեջ են՝ հայտարարելով, թե թանկացում չի եղել՝ օրինակ բերելով խառը կանաչին, ասելով, որ կարագը վնասակար չի առողջության համար, մարդիկ սկսել են կարագ գնել, այդ պատճառով էլ կարագի կուրսը բարձրացրել են: Մի մասն էլ ասում են, որ ոչ թե գնորդն է հարկերը վճարում, այլ՝ միջնորդը, ով բերում է կարագը, բենզինը»:

Զեյնալյանն ասաց, որ այս հարցը օրակարգ մտցնելու համար քաղաքացիների աջակցությունն է պետք: Նա ասաց, որ ՀՀ-ում ժողովուրդը այս փողոցային պայքարի միջոցով բազմիցս հասել է փոփոխությունների, փոփոխել է արդեն իսկ ընդունված որոշումները եւ ազդել որոշումների վրա: Որպես օրինակ, նա ուղեվարձի թանկացման դեմ բողոքները հիշեցրեց:

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ համոզված է, շատերը մտածում են, որ մեկ է, ոչինչ չի փոխվելու, անգամ երթում կանգնած մարդկանցից ոմանք են այդպես կարծում: Նա ասաց. «Փոխողը մենք ենք, մենք մեր պայքարի միջոցով միայն կարող ենք պահանջել փոփոխություն: Դա կարող ենք անել՝ բացառապես տեր կանգնելով մեր իրավունքին եւ մեր պահանջներին: Իշխանությունները մեզ ասում են, թե գները կարգավորվում են շուկայական հարաբերություններում, բայց նրանք չեն ասում, որ բնական շուկայական հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային պայմաններ, որի արդյունքում են գոյանում արդարացի գներ:

Նրանք չեն ասում, որ թանկացումները տեղի են ունեցել նաեւ Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում, երբ ավելացվել է Ակցիզային հարկը, ԱԱՀ-ն, Եկամտահարկը, որն ազդել է բոլոր տեսակի ապրանքների գների վրա: Մենք ունենք առաջարկություն, մենք կարող ենք  նվազեցնել հարկերը, բերել նախնական վիճակին, եթե մենք վարենք խելամիտ քաղաքականություն: Հարկային օրենսգրքով ակցիզային հարկի արդյունքում ավելացվել է բենզինի, գազի գինը, երբ ասում ենք նվազեցրեք դրանք, մեզ պատասխանում են՝ բա թոշակը ինչո՞վ վճարենք»:

Նա ասաց, որ իրականում կա հնարավորություն հավաքագրել գումարներ եւ վճարել թոշակները, բանակը պահել, բայց սա չէ այդ տեղը, հնարավոր է գույքահարկի մեխանիզմները վերանայել, որի արդյունքում իրական հարուստները կկարողանան գումարներ մուտքագրել պետական բյուջե եւ լուծել այդ հարցերը: 30 տոկոս աղքատներ ունեցող երկրում շքեղ ապրող օլիգարխների գույքը կարող են հարկել, որի արդյունքում ֆինանսական բեռը յուրաքանչյուր քաղաքացու վրա կլինի հավասարաչափ բաշխված եւ արդարացի»:

Մանե Թանդիլյանն ասաց, որ արտոնյալ հարկատուներն էլ պետք է հարկ վճարեն. «Միջազգային արժույթի հիմնադրամը հրապարակել է, որ ՀՀ-ում 30-50 տոկոս ստվերային տնտեսություն կա: Այդ ովքե՞ր են այդ մարդիկ, ում հարկային տեսչությունը չի կարողանում հայտնաբերել: Չկա նման բան, մեր երկրում կան հարկային այնպիսի մեխանիզմներ, որ հնարավորություն են տալիս հայտնաբերել յուրաքանչյուր տնտեսվարողի, բայց մենք շարունակում ենք ունենալ ստվեր, դա նշանակում է, որ կան արտոնյալ հարկ չվճարողներ եւ մարդիկ, ում ուսերին ծանրացել է հարկային բեռը»:

Նա նշեց, թե որ ապրանքներն են թանկացել՝ կարագը, մսամթերքը, կաթնամթերքը եւ ասաց, որ պետությունը սատարում է այն մոնոպոլիստներին, որոնց ձեռքում է գտնվում կարագի ներմուծումը եւ այդ միջոցով բեռը ծանրացնում են մնացած քաղաքացիների վրա՝ օլիգարխներին թողնելով արտոնյալ: Նա ասաց, որ այս ամենից կա ելք, կա հնարավորություն՝ պայքարելու թանկացումների դեմ. «Սրանք արդարացված չեն, դուք պետք է սա իմանաք»:

Մանե Թանդիլյանը վստահեցրեց, որ իշխանությունները ճնշվում են, երբ հարթակում մեծ թվով մարդիկ են հավաքվում. «Որեւէ մեկը չի նայելու, թե երթը որքան դիտում է ունեցել: Ուստի պետք է ցույցի գալ, հարեւանը ձեր փոխարեն երթի գալ չի կարող, ցույցի գալ չի կարող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728