Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանի հանձնարարականների մեծ մասն այսօր վերաբերում էր Արցախին

Փետրվար 05,2018 18:30

Ստեփանակերտի թատրոնի շենքի նորոգումն Արցախի հետ համագործակցության ամենակարևոր գործն է այս պահին. նախարար Արմեն Ամիրյանն այսօր թռուցկաժողովում տեղակալ Արև Սամուելյանին հանձնարարեց կարճ ժամկետում գնահատել վերանորոգման աշխատանքի ծավալը, կազմել նախահաշիվը, ինչից հետո կորոշվի ֆինանսավորման համար դրամահավաքի եղանակը։

Վերանորոգումն արվելու է մասնավոր ընկերությունների, անհատների նվիրատվություններով։

Հայաստանի մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ներն Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ մեկ ամսվա ընթացքում պետք է որևէ միջոցառում իրականացնեն՝ լավ կազմակերպված գովազդով, իսկ տոմսերի վաճառքից ստացված հասույթն ուղղեն Ստեփանակերտի թատրոնի շենքի նորոգմանը։

Մյուս կողմից, յուրաքանչյուր ամսվա ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության առնվազն մեկ ստեղծագործական խումբ ( ՊՈԱԿ) պետք է հյուրախաղեր ունենա Արցախի որևէ բնակավայրում. «Պրն Պողոսյա′ն, Ձեր հսկողությամբ»,- տեղակալ Արթուր Պողոսյանին դիմեց նախարարը։

Նախարար Ամիրյանը երկօրյա այցով Արցախի Հանրապետությունում էր, որտեղ իր պաշտոնակից Սերգեյ Շահվերդյանի հետ փետրվարի 3-ին պատմամշակութային ժառանգության պահպանության համագործակցության հուշագիր ստորագրեց.

« Այն, ինչ ընդգրկված է հուշագրին կից գործնական ծրագրում, ընդամենը շատ փոքր մասն է այն ամենի, ինչ կարող ենք անել ամբողջ այս տարվա ընթացքում»,- Երևանում խորհրդակցությանն այսօր նախարարության աշխատակիցներին փոխանցեց նախարարը՝ շարադրելով կոնկրետ այլ հանձնարարականներ նույնպես՝

. Ստեփանակերտի թատրոնի կոլեկտիվին ՀՀ մշակույթի նախարարությունը Ղարաբաղի բարբառով ներկայացում է պատվիրում. կազմել նախահաշիվը և ներկայացնել ֆինանսավորման,

. Հայաստանի և Արցախի ջազային խմբերի, անհատ կատարողների համատեղ համերգների կազմակերպում՝ Գորիսից մինչև Ստեփանակերտ ( հարավով՝ մինչև Երևան, և հյուսիսով՝ մինչև Ստեփանակերտ),

. օտարերկրյա հյուրախաղերում ընդգրկել Արցախի խմբերին կամ կատարողներին,

. մայիս ամսին կազմակերպել Համահայկական նվագախմբի ելույթը նաև Արցախում,

. Հայաստանի հարավային բնակավայրերում պետական ստեղծագործական խմբերի այս տարվա բոլոր ելույթները պետք է շարունակվեն Արցախում,

. Արցախի բոլոր թանգարանների, հնավայրերի շուրջ տեղեկատվությունը պետք է ներառվի այն բոլոր ծալաթերթերում ու գովազդային գրքույկներում, որոնք հրատարակում և տարածում են ՀՀ մշակույթի նախարարությունը, նրա ՊՈԱԿ-ները,

. ուսումնասիրել Հայաստանի ազգային պատկերասրահում Այվազովսկու գործերի ժամանակավոր ցուցադրությունը միառժամանակ Ստեփանակերտ կամ Շուշի տեղափոխելու հնարավորություններն ու պայմանները,

. կազմակերպել հայկական Գորգի փառատոն Ստեփանակերտում, հնարավորության դեպքում՝ միջազգային,

.ամռանը հայաստանցի և արցախցի նկարիչների պլեներ կազմակերպել Ստեփանակերտում։

Բոլոր հանձնարարականներն ունեցան պատասխանատու հասցեատերեր և կատարման հստակ ժամկետներ։

ՀՀ Մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728