Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռևս չգրված օրենքներն են ակտիվորեն գործում». Գագիկ Մակարյան

Փետրվար 05,2018 17:26

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը վստահեցրեց՝ այն գործընթացները, որոնք ամրագրված են եղել ՀՀԿ նախընտրական ծրագրում, իրականացվում են բարձր տեմպերով:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Մելիքյանը մանրամասնեց. «2017-ին ապահովվել է 7,7 տոկոս ՀՆԱ-ի աճ և 12 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության աճ: Սրան հասնելը հեշտ չէր, հատկապես մեր տարածաշրջանում գտնվող երկրների համար: ՀՀ-ն այն միակ երկիրն է տարածաշրջանում, որ ապահովեց նման տնտեսական աճ»: Հակադարձմանը՝ դա տեղի է ունեցել ցածր տնտեսական բազայի վրա, պարոն Մելիքյանն արձագանքեց. «Այնպես չէ, որ նախորդ տարիներին Ադրբեջանի կամ Վրաստանի տնտեսական աճի կամ համախառն ներքին արդյունքի աճն այնքան մեծ է եղել, հատկապես Ադրբեջանինը՝ մինուսով: Այնպես որ, չի կարելի համեմատել. մենք ու Ադրբեջանը, մենք ու Վրաստանը համեմատվելու եզր չունենք»:

ՀՅԴ Տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը ներկայացրեց, թե ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի ծրագրերի հիման վրա ստեղծված՝ կառավարության ծրագրում ներառված որ դրույթներն են ապահովվել. «Նախընտրական ծրագրերում ամրագրված էր մինչև 5 տոկոս տնտեսական աճ. այդ ցուցանիշը կարողացանք ապահովել: Ամրագրված էր ապահովել ՀՆԱ նկատմամբ քառասուն տոկոսի ծավալ, այժմ ունենք 25,2 տոկոսի արտահանման չափեր: Ամրագրված էր նաև ավելացնել նվազագույն աշխատավարձը՝ 25 տոկոսով. այս ուղղությամբ քայլեր կատարվում են: Հաշվարկներ են արվում, որը թույլ կտա դա անել»:

Միևնույն ժամանակ պարոն Պարսյանը մտահոգություն հայտնեց. «Խնդիրը նրանում է, որ մենք չունեցանք ներառական աճ, որը տարբերվում է տնտեսական աճից: Այսինքն՝ չեղավ աղքատության կրճատում, արտադրողականության բարձրացում, եկամուտների բևեռացման նվազում»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, թե դրական տեղաշարժերը տեսանելի են, բայց վստահության խնդիր ունենք. «Դեռ 2016-ից մեր բազմաթիվ վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնական երեք խոչընդոտներն են՝ ստվերի բացահայտում, կառավարման որակ և անհավասար մրցակցություն: Այս երեք ուղղությամբ էլ աշխատանքներ տարվում են: Վստահությունը ձևավորվում է պետական մարմինների պատասխանատվությունից: Պատասխանատվության խնդիրը, անկախ որ կուսակցություններն են կոալիցիա ձևավորում, կառավարությունը պարտավոր է դա լուծել: Գործող սահմանադրությամբ իրավասություններ սահմանված են կառավարության անդամների հանդեպ, պահանջները ձևակերպված են և հավասար են պատգամավորներին ներկայացվող պահանջներին, բայց պատասխանատվության ենթարկելու մասին խոսք չկա: Մեկ այլ խնդիր է այն, որ կառավարության անդամի դեպքում կրթական ցենզի մասին ևս խոսք չկա: Պատգամավորների դեպքում դա այնքան սարսափելի չէ, քանի որ պատգամավորը գալիս է իր թիմով, գուցե հարգված անձ է այդ շրջանում, բայց գերատեսչության ղեկավարը, որը մենեջեր է, իր պրոֆեսիոնալիզմը պարտադիր է: Տարօրինակ է, որ պատասխանատվության մասին որևէ հոդված գոյություն չունի»:

Պարոն Մակարյանը մտահոգություն հայտնեց, որ դեռևս չգրված օրենքներն են ակտիվորեն գործում. «Բավականին ակտիվ գործում է բարեկամների, ծանոթների ինստիտուտը: Տեսնում ենք, թե նախարարների, փոխնախարարների, որոշակի թույլտվություններն ում, ինչի համար են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728