Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց՝ Ջուլիետա Կոկոլյանի եւ Լեւոն Գասպարյանի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ այս գործով տուժողներ են Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանը (ներկայումս աշխատում է Factor TV-ում) եւ «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանը: Ամբաստանյալները մեղադրվում են 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ իրենց մասնագիտական լիազորություններն իրականացրած նշյալ լրագրողների հանդեպ բռնություն գործադրելու համար:
Այս նիստում եւս ամբաստանյալներից Ջուլիետա Կոկոլյանին չէր հաջողվել դատարան ներկայացնել: Ոստիկանության գրության համաձայն՝ նրա, ինչպես նաեւ՝ գործով վկաների բնակարանների դռները փակ են: Կոկոլյանի շահերի պաշտպան, փաստաբան Արարատ Գրիգորյանը դատավոր Գագիկ Պողոսյանին տեղեկացրեց՝ վերջերս Կոկոլյանի հետ անգամ հեռախոսակապ հաստատել չի հաջողվել, իսկ մինչ այդ նա պնդել է, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող դատարան ներկայանալ:
«Նա ասում է, որ ծանր վիճակում է գտնվում, պարբերաբար հիվանդանոցում է հայտնվում, հոգեմետ դեղեր է ընդունում»,-հայտնեց պաշտպանը:
Դատավորն էլ նկատեց, որ արդեն քանի նիստ է՝ նույն պատճառաբանությունն են լսում, մինչդեռ անգամ համապատասխան բժշկական փաստաթուղթ չի ներկայացվել դատարանին: Գագիկ Պողոսյանը նաեւ ընդգծեց, որ ոստիկանության գրությունը դեռեւս դեկտեմբերին է ստացվել, իսկ դրանից հետո՝ ոչ մի գրություն. «Որեւէ քայլ չի կատարվել ոստիկանության կողմից»:
Ապա այս գործով մեղադրող դատախազ Ա. Մնացականյանը դատարանին միջնորդեց Ջուլիետա Կոկոլյանի մասով քրեական գործից մաս անջատել եւ նրա հանդեպ հետախուզում հայտարարել: Դատավարության կողմերը, այդ թվում՝ մյուս ամբաստանյալ Լեւոն Գասպարյանը, միացան միջնորդությանը:
Տուժող լրագրողներից Շողիկ Գալստյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Տոնոյանն էլ փաստեց. «8 ամիս է՝ նիստերն այդ խնդրի պատճառով չեն կայանում, ուստի քրեական գործից մաս անջատելը որոշակիորեն հարցի լուծում կարող է հանդիսանալ»:
Դատավորը որոշեց միջնորդությունը բավարարել: Ջուլիետա Կոկոլյանի հանդեպ հայտարարվեց հետախուզում: Իսկ Լեւոն Գասպարյանի մասով նիստը նշանակվեց մարտի 2-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ