Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԱԺ նախագահն Անվտանգության խորհրդում ընդգրկված չէ

Փետրվար 05,2018 17:13

Ինչո՞ւ պառլամենտական հռչակող պետության թիվ մեկ քաղաքական մարմնի ղեկավարը՝ ԱԺ նախագահը, ներգրավված չէ Անվտանգության խորհրդի կազմում: Այս հարցն այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում հնչեցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Հանձնաժողովում քննարկվում էր «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» նախագիծը: Հարցի հիմնական զեկուցողը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն էր: Նշեց` 2015-ի Սահմանադրության փոփոխությամբ նախատեսվեց, որ վարչապետը գլխավորելու է անվտանգության խորհուրդը: Կարգն էլ պետք է սահմանվի օրենքով: Կառավարությունն էլ հետեւյալ կարգն է սահմանում` Ազգային խորհրդի անդամներն են լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության պետը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Ազգային խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով: Ազգային խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Ազգային խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով:

Պատգամավորի հարցին պատասխանեց հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: Ասաց`ըստ Սահմանադրության, այդ խորհուրդը գործադիր իշխանության մարմին է, գործում է գործադիր իշխանության համակարգում: Խորհրդի գլխավոր սահմանադրական առաքելությունը պաշտպանության ոլորտի հիմնական ուղղությունները մշակելն է: Կառավարությունը մշակում եւ իրականացնում է ներքին ու արտաքին քաղաքականությունը, այդ թվում նաեւ պաշտպանության ոլորտի: «Կոպիտ ասած՝ Անվտանգության խորհուրդը մինի, փոքրիկ կառավարություն է, որը ավելի նեղ մասնագետներով որոշում է հիմնական ուղղությունները եւ որը դեռևս ամբողջ քաղաքականությունը չէ: Այս մարմնում, բացի գործադիր իշխանության համակարգի մարմիններից որեւէ այլ մարմնի ներկայացուցչի ներգրավումը կլինի հակասահմանադրական։ Դրանով է պայմանավորված, որ Գլխավոր դատախազը, ՍԴ նախագահը, ԱԺ նախագահը չեն մասնակցում»,- մանրամասնեց Հրայր Թովմասյանը: Թյուրիմացություն չլինելու համար առաջարկեց` Սահմանադրության մեջ այս խորհրդի անունը կոչել պաշտպանության խորհուրդ, ոչ թե անվտանգության:

Գեւորգ Պետրոսյանը համաձայն չէ: Ասում է`ԱԺ նախագահը, կամ ընդհանրապես ԱԺ-ն երկրի պաշտպանության գործընթացում դիտորդական առաքելություն չպետք է ունենա. «Ի վերջո, Սահմանադրության 118 հոդվածն ասում է` ԱԺ-ն է պատերազմ կամ խաղաղություն հայտարարելու որոշում ընդունում. հիմա այս գործընթացում ո՞նց է հնարավոր ԱԺ-ն հնարավորություն չունենա այդ հարցերին մասնակցել»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց`նախագծում նշվում է առաջին փոխվարչապետի մասին, մինչդեռ նման պաշտոնյա ՀՀ Սահմանադրությամբ գոյություն չունի: Կառավարության ներկայացուցիչը Սահմանադրության հետ հակասություններ չի տեսնում: Ասում է`փոխվարչապետներին կարող են օրենքով լիազորություններ տրվել: Էդմոն Մարուքյանը հակադարձեց` նկատելով` այդ դեպքում ԱԺ նախագահի տեղակալներն էլ թող տարբերակվեն:

Էդմոն Մարուքյանը չմասնակցեց հարցի քվեարկությանը: «Ծառուկյան» խմբակցության երկու պատգամավորներ «ձեռնպահ» քվեարկեցին:

Նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական գնահատականին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Հիմա խոսքը Ազգային խորհրդի թե՞ Անվտանգության խորհրդի մասին է…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728