Ավտոպաշտպանների լիգայի գլխավոր իրավաբան Մհեր Շահնազարյանը դժգոհում է, որ այս տարեսկզբից չմաքսազերծված մեքենաների վարորդները տուգանվում են վարչական իրավախախտումների համար:
«Մինչեւ հունվարի մեկը ավտոներկրողները տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերով հայտնաբերած վարչական իրավախախտումների համար երբեւէ վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, հունվարից սկսած սկսվեցին կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայումս ունենք ավտոներկրող վարորդ, որի նկատմամբ 3,5 միլիոն դրամի տուգանք կա»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց Շահնազարյանը:
Նրա խոսքով, Վարչական իրավախախտումների մասին օրենքով նախկինում կիրառելի չէր տուգանք կամ վարչական պատասխանատվություն, այդ նորմը, նրա բնորոշմամբ, «քնած էր», բայց այս տարեսկզբից թե ժամանակավորապես հաշվառված, թե օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաների վարորդները խախտումների համար տուգանվում են: Բանախոսի խոսքով, այնքան միանգամից «քնած» նորմը կիրառության մեջ մտավ, որ վարորդները չհասցրին իրազեկվել:
«Ինչ է ստացվում, վերջին երկու տարվա ընթացքում խոսվում էր, որ օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաները արտոնյալ վիճակում են, որեւէ պատասխանատվության միջոց չի կիրառվում, սակայն ներմուծողների մասով խնդիր չկար…ավտոներմուծողների հիմնական խախտումները եղել են արագության հետ կապված, այն էլ օբյեկտիվ պատճառներով, օրինակ, կան դեպքեր, որ ցուցանակն այնպիսի վայրում է փակցվում, որ չէինք կարողանում կողմնորոշվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ