«Կարող ա մի գալավարեզ ներվի եւ մենք թերթերից իմանանք դրա մասին: Հետո էլ չիմանանք`դրանք իրական են, թե`չէ»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում վրդովվեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, հանձնաժողովում այսօր բուռն քննարկումների տեղիք տվեց «Ներման մասին» նախագիծը:
Պատգամավորները դեմ էին կալանավորի խնդրագրի առկայության իմպերատիվ պահանջին: ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց. «Կալանավորի խնդրագիրը մեզ համար էական է, ինչի՞ հիման վրա պետք է ներում շնորհողը ներում տա»:
Էդմոն Մարուքյանը փաստում է`մինչ օրս մամուլից են տեղեկացվել նախագահի ներում շնորհելու դեպքերի մասին, այդ հրամանագրերը կայքում չկան: Հետաքրքրվում է`այսուհետ այդ ակտերը հրապարակային ե՞ն լինելու, թե`ոչ:
Էդմոն Մարուքյանը տարբեր հարցազրույցներով ու հրապարակումներով նախագահի ինստիտուտը նվաստացնելու միտում է տեսնում: Այս նախագծում էլ է նման դրսեւորում տեսնում, ուստի առաջարկ կներկայացնի, որ այդ լիազորությունը մնա նախագահին. «Ներման խնդրագիր քննարկելը մի եսիմինչ չի, որ այդ ինստիտուտը նախագահից վերցնենք եւ տանք վարչապետին, էն էլ սուպերվարչապետին»: Էդմոն Մարուքյանը միացավ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի առաջարկին, որ ներում ստացած անձը պետք է փոխհատուցի պետությանը հասցված նյութական վնասը:
Փոխնախարարն էլ պարզաբանեց`հրապարակման ինստիտուտ նախատեսված չէ: Այն գաղտնի է ամբողջ աշխարհում:
Նախագծին «դեմ» քվեարկեց միայն Էդմոն Մարուքյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ