Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար. «Դպրոցում իրականացված աուդիտորական ստուգումների արդյունքները փոխանցվել են դատախազություն»

Փետրվար 05,2018 16:14

Տեղեկացրել էինք, որ Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանին ազատել են աշխատանքից, եւ այժմ նա իր իրավունքներն ուզում է վերականգնել դատական ճանապարհով:

Aravot.am-ը նախկին տնօրենից տեղեկացավ, որ նա գրավոր դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, նշելով, որ հրաժարվում է կատարել մարզպետի կարգադրությունը, քանի որ, ըստ Լիլիթ Առաքելյանի նամակի, կոնկրետ նշված չէ, թե ինչի համար եւ աշխատանքային օրենսգրքի ու ՊՈԱԿ-ի մասին ՀՀ օրենքի որ հոդվածի հիման վրա է ազատված աշխատանքից:

Տնօրենը նույն նամակում նաեւ հայտնել է, որ աշխատանքից ազատվել է սպառնալիքների ներքո, դրա համար էլ երկու օր հետո մեկ այլ դիմումով չեղյալ է հայտարարել աշխատանքից ազատվելու իր առաջին դիմումը: Չնայած սրան, մարզպետի կարգադրությամբ ինքն ազատվել է Սյունիքի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններից:

Նշենք, որ ՀՀ վարչապետին եւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին մի նամակ էլ դպրոցի աշխատակիցներն են գրել: Նամակի տակ առկա է 33 ստորագրություն: Դպրոցի աշխատակիցները մարզպետին խնդրել են վերանայել կարգադրությունը` հաշվի առնելով տնօրենի պաշտոնավարման ընթացքում գրանցված զգալի դրական փոփոխությունները եւ պրոֆեսիոնալիզմը:

Մեկնաբանության համար Aravot.am-ը կապվեց նաեւ Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանի հետ:

Վազգեն Սաղաթելյանն Aravot.am-ին հայտնեց հետեւյալը. «Լիլիթ Առաքելյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Իր տնօրինած դպրոցում մինչ այդ կատարվել են տարեկան նախատեսված պարտադիր աուդիտորական ստուգումներ, որոնց ընթացքում ի հայտ են եկել չարաշահումներ եւ դրա մասին տեղեկացվել է տիկին Առաքելյանը, որից հետո ինքը ներկայացել է մարզպետարան եւ աշխատանքից ազատման դիմում է գրել»:

Մարզպետի մամուլի քարտուղարը հերյուրանք որակեց տնօրենի այն պնդումը, թե իրեն ազատել են սպառնալիքի ներքո, նաեւ ասաց, որ անլուրջ է համարում դա մեկնաբանելը: «Դա հերյուրանք է, իրականության հետ կապ չունի: Ավելացնենք, որ աուդիտորական ստուգումների արդյունքները փոխանցվել են դատախազություն եւ այս պահին նախաքննություն է գնում, այդ պատճառով չենք կարող մանրամասներ հայտնել, որպեսզի նախաքննությանը չխանգարենք: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հանրությանը հասանելի կլինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728