ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու քաղաքացու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։
2018թ. հունվարի 5-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-22:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վնասել է Արշակունյաց պողոտայում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի հետևի դռան ապակին և սրահից գողացել ավտոմեքենայի սեփականատիրոջ պայուսակը, որի մեջ եղել են անձը հաստատող և այլ փաստաթղթեր, բանկային քարտ, ձայնարկիչ, կանխիկ գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացու գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման փորձ:
Ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է գլխարկով մի տղամարդ փորձում գործարք կատարել այլ քաղաքացու բանկային քարտով:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով, ավտոմեքենայից գողացված բանկային քարտը նրա մոտ հայտնվելու հանգամանքները պարզելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտե